Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
ԲՏԱ նախարարության հաղորդագրության համաձայն, Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Պետր Պիրունչիկին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հաջորդիվ նախարարը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակը: Ռոբերտ Խաչատրյանը նաև ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Չեխիայի միջև արդեն իսկ արդյունավետ համագործակցություն է ձևավորված, որն ընդլայնելու մեծ ներուժ ունի։
Պետր Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստան գալու առաջին օրվանից ցանկություն ուներ հանդիպելու կառավարության ներկայացուցիչների հետ և հաճելիորեն զարմացած է ԲՏԱ նախարարության արագ արձագանքից ։ Դեսպանը նաև հայտնել է, որ հասցրել է ծանոթանալ և պատկերացում կազմել նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, առանձնապես տպավորված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությամբ, տեղյակ է հայ ինժեներների բարձր որակավորումների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, ինժեներական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու, Չեխիայի Հանրապետությունում Թումոյի մասնաճյուղ բացելու հնարավորությունները։
Ռոբերտ Խաչատրյանը և Պետր Պիրունչիկը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել առավելագույնս ընդլայնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության շրջանակները։ -0-
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |