Արմինֆո. Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին և Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Իլյինին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը։ Արմեն Մելկիկյանը նշել է, որ ԵԱԶԲ-ն նպատակ ունի ավելացնել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները։
Ընդգծելով ԵԱԶԲ-ի հետ համագործակցության առկա մեծ ներուժը՝ Վահան Քերոբյանն անդրադարձել է այն նոր նախագծերին, որոնք կարող են հետաքրքիր լինել միջազգային այս ֆինանսական կազմակերպությանը։
Քննարկվել է նաև Վերին Լարսում լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։
Հիշեցնենք, որ ԵԱԶԲ-ը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ Ավելի քան 16 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, մասնակից երկրների ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացմանը։ ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը: Իր գործունեության ընթացքում Բանկն առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով: Հայաստանի մասնաբաժինը ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալում կազմում է 4,2291%:
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը հայտարարել էր, որ բանկը նախատեսում է Հայաստանում ներդնել տարեկան մոտ 100 մլն դոլար։ Այն դեպքում, երբ 2022-2026 թվականների երկրի ռազմավարության շրջանակներում ԵԱԶԲ - ն ավելի վաղ Հայաստանի համար նախատեսել էր մոտ 180 մլն դոլարի ներդրում: "Փաստորեն, ռազմավարության իրականացման առաջին տարում մենք կատարել ենք մոտ 100 մլն դոլարի աշխատանք: Այսինքն, 180 մլն դոլարի ծավալը, որը ամրագրվել էր հինգ տարով, կգերազանցվի արդեն հաջորդ տարի", - ընդգծել էր նա: