Արմինֆո.Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կվերսկսվի: Այդ մասին փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Մասնավորապես, նա հաղորդել է, որ այսօր էկոնոմիկայի նախարարությունը 250 մլն դոլարի փաթեթ կստորագրի ԵԱԶԲ-ի հետ, որը կնշանակի Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսումը:
Բացի այդ, Քերոբյանը նշել է, որ այսօր աշխատանքներ են տարվում նաեւ Թեղուտի հանքավայրի վերագործարկման համար լուծումներ գտնելու ուղղությամբ, որի շահագործումը դադարեցվել էր սեփականատիրոջ եւ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պատժամիջոցների պատճառով:
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, այսօր փոխըմբռնման հուշագիր կստորագրվի Եվրասիական զարգացման բանկի, "Լիդիան Արմենիա" ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև: Կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջից Ամուլսարի ոսկու հանքավայրը շրջափակման է ենթարկվել բնապահպան ակտիվիստների կողմից, եւ շինարարական աշխատանքները ստիպված են եղել դադարեցնել։
2022 թվականի մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ եթե ոչինչ չխանգարի, ապա Ամուլսարի ոսկու հանքավայրի աշխատանքը կվերսկսվի, վկայակոչելով գերատեսչության միջոցառումների ծրագիրը, որում ներառված է Ամուլսարի խնդրի լուծման դրույթ։
Ավելի վաղ, մինչ շահառուի փոփոխությունը, որի անունն առայժմ հայտնի չէ, Lydian Armenia-ն բրիտանական օֆշորային Lydian International-ի դուստր ձեռնարկությունն էր։ Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը 10 տարի 4 ամիս է, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի:
Հանքավայրը Հայաստանում մեծությամբ երկրորդ պաշարն է։ Ընկերության տեղեկատվության համաձայն ՝ հանքավայրը պարունակում է մոտ 73733 կգ ոսկի՝ մեկ տոննայում 0,78 գ միջին պարունակությամբ, ինչպես նաև՝ 294.367 տոննա արծաթ ՝ մեկ տոննայում 9.29 գ միջին պարունակությամբ։ Այն գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա՝ Արփա և Որոտան գետերի միջագետքում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2022թ. Հայաստանի հանքարդյունաբերության և բաց հանքերի մշակման ոլորտում 2021թ. համեմատ արձանագրվել է 3.2% անկում (նախորդ տարվա 0.8% անկման դիմաց)՝ ապահովելով 517.4 մլրդ դրամ ծավալ: