Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը ք.Ինչոնում (Հարավային Կորեա) մասնակցում են Ասիական զարգացման բանկի հերթական՝ 56-րդ տարեկան հանդիպմանը:
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել է Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալի հետ հանդիպմամբ։ Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԱԶԲ պորտֆելին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել իրականացման փուլում գտնվող ծրագրերի ընթացքին և առաջիկայում նախատեսվող նոր նախաձեռնություններին։
Հայկական պատվիրակությունը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոնալդ Լամբերտի հետ, ով առաջիկայում կստանձնի իր պաշտոնը։ Կողմերը քննարկել են ապագա համագործակցությանն առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերի միջոցով էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ՀՀ-ԱԶԲ արդյունավետ փոխգործակցությունը։
Պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել նաև ԱԶԲ մասնավոր հատվածի գործառնությունները համակարգող թիմի հետ։ Հաշվի առնելով, որ ԱԶԲ կազմակերպական վերանայման արդյունքում նախատեսվում է մասնավոր հատվածի ֆինանսավորման և ոչ սուվերեն գործառնությունների ավելացում՝ հայկական կողմը կրկին ընդգծել է այդ ուղղությամբ ՀՀ-ԱԶԲ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ ոլորտի գնահատման, նոր գործիքների, մեխանիզմների մշակման, ինչպես նաև գիտելիքի և փորձի փոխանակման և կարողությունների զարգացման միջոցով։
Առանձին հանդիպում է կայացել նաև ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, այդ թվում՝ ՕՊԵԿ-ի կողմից իրականացվող ընթացիկ բյուջետային աջակցության ծրագրին առնչող հարցեր։
Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից: 2023 թվականի ապրիլի դրությամբ բանկը Հայաստանին տրամադրել է շուրջ 1.7 մլրդ դոլարի վարկեր, դրամաշնորհներ, ինչպես նաև տեխնիկական աջակցություն, որոնք ուղղվել են տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ, ջրային ոլորտների, ենթակառուցվածքների զարգացմանը և այլն: