Արմինֆո. Բնակարանների ռենովացիայի վարկային ծրագիրը աշխարհագրորեն հավասարաչափ բաշխված է և պահանջարկ ունի ոչ միայն Երևանում, այլև երկրի բոլոր մարզերում: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների զարգացման բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։
Նշելով, որ մեկ տարվա ընթացքում ծրագրի շահառու է դարձել ավելի քան 3 հազար մարդ, Աբրահամյանը հաղորդել է, որ ապրիլի դրությամբ Երևանում շահառուների թիվը կազմել է 242, մինչդեռ, Արարատի մարզում՝ 472, Կոտայքի մարզում՝ 407, Արմավիրի մարզում՝ 267, Գեղարքունիքի մարզում՝ 287, Շիրակի մարզում՝ 226, Արագածոտնի մարզում՝ 211, Լոռու մարզում՝ 191 և այլն:
Ընդ որում, նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ եթե 2022 թվականին պետության սուբսիդավորման ծավալը կազմել է 40 մլն դրամ, ապա 2023 թվականի համար հատկացվել է 309 մլն դրամ, որից 189 մլն դրամն արդեն ծախսվել է: Այդ առնչությամբ Աբրահամյանը նշել է, որ, հաշվի առնելով ծրագիրը եւս մեկ տարով երկարաձգելու կառավարության որոշումը, չի բացառվում, որ պետությունը լրացուցիչ միջոցներ հատկացնի պետբյուջեից:
Նա նաև հիշեցրել է, որ սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում պետսուբսիդավորման չափը կազմում է 14%, գյուղական համայնքներում՝ 12%, քաղաքներում՝ 11%, և Երևանում ՝ 9%:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին կառավարության նիստում որոշում է կայացվել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը երկարաձգել մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը: Ինչպես նիստում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդհանուր առմամբ, արդեն տրամադրվել է 6.5 մլրդ դրամի վարկային միջոցներ, նախարարության հետ համագործակցում են 13 բանկեր և 13 վարկային կազմակերպություններ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր բնակարանների ռենովացիայի վարկային ծրագիրը, որն իրականացվելու է պետական աջակցությամբ ։ Ինչպես մայիսի 26-ին կառավարության նիստի ժամանակ նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարկերը քաղաքացիներին կտրամադրվեն 7 տարի ժամկետով ՝ 14 տոկոս տոկոսադրույքով:
Բնակարանային ռենովացիայի պետական ծրագրին մասնակցության նախապայման պետք է լինի էներգաարդյունավետության համար վարկային միջոցների մասնակի օգտագործումը: Մասնավորապես, բնակարանների դեպքում այդ մասնաբաժինը կկազմի 20 տոկոս, առանձնատների դեպքում՝ 30 տոկոս։ Բացի այդ, միջոցների 10%-ը պետք է ուղղվի բարձրակարգ էներգատեխնիկայի ձեռք բերմանը։