Արմինֆո.Հայաստանին սպառնում կարգավիճակի էական նվազում՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, և հեռու չէ այն ժամը, երբ, չնայած ատոմակայանի, հիդրաէներգետիկ հարուստ ռեսուրսների և արևային էներգետիկայի զարգացման ներուժի առկայությանը, երկիրը կհայտնվի էլեկտրաէներգիայի նետտո-ներկրողի դերում: Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, անդրազգային միջազգային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ արձագանքելով ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի հայտարարություններին։
Նշենք, որ նախօրեին "ՌԻԱ Նովոստի"-ի հարցազրույցում Շուլգինովը հայտարարել է, որ Մոսկվան Թեհրանի և Բաքվի հետ բանակցություններ է վարում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և այնուհետև՝ Իրան 300 ՄՎտ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորության շուրջ:
Նախարարի խոսքով ՝ ռուսական կողմն այժմ, պարզապես, դիտարկում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, ապա՝ Իրան, իսկ հետո, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը: Շուլգինը նշել է, որ առաջին փուլում Մոսկվան պայմանավորվում է Թեհրանի և Բաքվի հետ օգտագործել առկա էներգետիկ ենթակառուցվածքը՝ չձեռնարկելով նոր շինարարություն: Նախարարն ընդգծել է, որ նախագծի բոլոր մասնակիցները շահագրգռված են դրա իրականացմամբ։
Ինչպես գրում է պարբերականը, օգոստոսին ՌԴ Էներգետիկայի նախարարությունը հաղորդել էր, որ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են էլեկտրաէներգետիկական համակարգերի միավորման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն ավարտել մինչև 2023 թվականի վերջը։ Աշխատանքի ընթացքում մանրամասն վերլուծվում են մասնակից երկրների Էլեկտրական ցանցերով էլեկտրաէներգիայի հաղորդման տարբեր պայմաններ, ինչպես նաև դիտարկվում է լրացուցիչ էներգաօբյեկտների կառուցման նպատակահարմարությունը, պարզաբանել է նախարարությունը:
Մինչդեռ, Դավթյանի ասելով, փաստորոն, Մոսվկան ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից վերջին տարիներին առաջ մղվող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ միջանցքը միակ նածագիծը չէ, որի միջոցով Ռուսաստանը պատրաստ է ինտեգրվել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ համակարգերին: Ու դա, թերևս, վատ չէ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նպատակներից մեկը շարունակում է մնալ Հայաստանի էներգատրանսպորտային շրջափակումը:
Սակայն, ընդսմին, փորձագետը կարծում է, որ, եթե Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ երթուղին կյանքի կոչվի, ապա մեծ հարցականի տակ է հայտնվում «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը, որով նախատեսվում է փոխադարձ հոսքեր ապահովել Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև: «Հնարավորինս երկարաձգելով նախագծի մաս կազմող Իրան-Հայաստան երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները՝ Հայաստանի գործող ներկայիս ղեկավարները, փաստացիորեն, նախադրյալներ ստեղծեցին տարածաշրջանի էլեկտրաէնեգրետիկ համակարգում ադրբեջանական գործոնի արժևորման համար: Թեեւ հենց Հայաստանն էր դիտվում որպես առանցքային դերակատար «Հյուսիս-Հարավ»-ի շրջանակներում՝ լինելով էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ ունեցող երկիր: Եթե, անգամ, Իրան-Հայաստան երրորդ օդային գծի կառուցման աշխատանքներն ավարտին հասցվեն, ապա ստացվում է, որ այն օգտագործվելու է Ադրբեջանից եկող ռուսական էլեկտրաէներգիան արտահանելու նպատակով», - ընդգծում է փորձագետը:
Միեւնույն ժամանակ, նրա ասելով, Մոսկվայի կողմից առաջարկվող լոգիստիկայով էլեկտրաէներգիայի մատակարարումը Իրան նշանակում է, որ Հայաստանը գնալով դուրս է մղվելու իրանական շուկայից: «Ավելին, դուրսմղման գործընթացն արդեն սկսվել է և ունի հստակ արտահայտում: Մասնավորապես, 2021 թ. Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նվազել է մոտ 25%-ով: Միաժամանակ, 26%-ով աճել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան», - ընդգծել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, Ադրբեջանի և Հայաստանի տարածքով ռուսական էլեկտրաէներգիան Իրան հասցնելու համար կա երկու ճանապարհ: Առաջինը սվոփ-պայմանագրերն են, որոնք ուղիղ մատակարարումներ չեն ենթադրում: Երկրորդը Արցախի տարածքով Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգետիկ կապի հաստատումն է: Եթե դիտարկենք հարցը Շուլգինովի հայտարարության տրամաբանության ներքո («օգտագործվելու են առկա ենթակառուցվածքները»), ապա խոսքը կարող է գնալ Բերձորով (Լաչին) անցնող, ինչպես նաև Սոթք-Հաթերք էլեկտրահաղորդման գծերի մասին: Երկուսն էլ այս պահին հասանելի չեն: Այս առումով հարկ է նշել, որ 2022 թ. գարնանը Բաքուն սկսել է էլեկտրահաղորդման գիծ անցկացնել Բերձորի միջանցքից ոչ հեռու՝ Աղավնո գյուղի մոտ: «Ամեն դեպքում, նման սցենարի կյանքի կոչումը, վերջին, հաշվով նվազեցնում է Հայաստանի՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկրի կարգավիճակը: Այսպիսի քայլերով հեռու չէ այն օրը, երբ, չնայած ատոմակայանի, հարուստ հիդրոէներգետիկ ռեսուրսների ու արևային էներգետիկայի զարգացման ներուժի առկայությանը, հայտնվենք էէլեկտրաէներգիայի նետտո-ներկրորղի դերում»,- նշել է Դավթյանը:
Արմինֆո.Հայաստանի տարածքով "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման անհրաժեշտության մասին Հնդկաստանից պարբերաբար հնչող հայտարարությունները լիովին տեղավորվում են Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել անդրազգային միջազգային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
Արմինֆո.2020 թ. նոյեմբերից ի վեր ասիական երկու առանցքային ակտորներ՝ Իրանն ու Հնդկաստանը օգնության ձեռք են մեկնում Հայաստանին՝ "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքում մեզ կարևոր կարգավիճակ առաջարկելով։ Օգնության ձեռքը, սակայն, մնաց օդում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
Արմինֆո. Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ նոր էներգետիկ գործարքը, առաջին հերթին, ուղղված է ասիական շուկաներ ածխաջրածինների մատակարարումների ավելացմանը, որտեղ էներգակիրների նկատմամբ պահանջարկը տարեցտարի աճում է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։
Արմինֆո. ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ծրագրվող ստորագրումը խոսում է ուկրաինական իրադարձությունների սկզբից արդեն իսկ իրականացվող տնտեսական վերատեղաբաշխման ռազմավարությունն էլ ավելի ընդլայնելու Մոսկվայի ձգտման մասին։ Ինչն, անկասկած, նոր աշխարհատնտեսական հնարավորություններ է բացում նաև Հայաստանի առջև, որոնք կարելի է եւ պետք է օգտագործել: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, ք.գ.դ. Վահե Դավթյանը։