Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բացառում է հայ արտահանողների շրջանում խնդիրների առկայությունը ռուսական շուկայում:
Հոկտեմբերի 13-ին, պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե ՌԴ առաջատար մանրածախ ցանցերից մեկը բոյկոտում է հայկական ապրանքները, ինչը հղի է հսկայական խնդիրներով ողջ արտահանման համար, Քերոբյանը, նախ, նշել է, որ հայկական արտահանման ընդամենը 40%- ն է բաժին ընկնում Ռուսաստանին (դեպի ՌԴ արտահանման մասնաբաժինը 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, աճել է 17,1% - ով ՝ հասնելով 45% - ի, արտահանման ծավալը՝ 186,8%-ով կամ 1,570.3 մլն դոլաարով – խմբ.):
"Տնտեսվարող սուբեկտներն աշխատում են, ամեն բան կարգին է, ոչ մի խնդիր չկա։ "Վերին Լարս" անցակետում կուտակումներ չկան", - հայտարարել է նա, նշելով, որ անցած տարվա հունիսից ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո անցակետում նոր ուղիներ են բացվել, հայ արտահանողների համար երթեւեկության ընթացակարգերը պարզեցվել են: "Մի քանի օր խնդիրներ կային, բայց դրանք լուծվեցին", - նշել է Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ հայկական շուկայում դիզվառելիքի հետ կապված խնդիրներ չկան ։ <Բենզինի հետ կապված որոշակի խնդիրներ կային, սակայն հայկական կողմի առաջին խնդրանքը մասամբ բավարարվել է: Աշխատում ենք գործընկերների հետ>, - հայտարարել է նա:
Հարցին, թե արդյոք սպասվում է վառելիքի գների նվազում, նախարարը նշել է, որ ամեն ինչ կախված է շուկայում տիրող իրավիճակից:
Հիշեցնենք, որ հայկական ալկոհոլային արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրները սկսվել էին 2023 թվականի մարտին, երբ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը սկսեց իրականացնել արտադրանքի հսկիչ ստուգումներ, ինչի մասին հայկական կողմը նախապես տեղեկացվել էր։ Դա բացատրվում էր նրանով, որ հայտնաբերվել են կեղծ կոնյակների խմբաքանակներ։ Սեպտեմբերի վերջին ռուս մաքսավորներն անցել են ուժեղացված հսկողության։ Եթե նախկինում հսկողություն էր իրականացվում կոնկրետ ներկրողների նկատմամբ, ապա խախտումների աճի պատճառով մաքսավորները ստիպված են եղել ստուգել ներմուծվող խմիչքի բոլոր խմբաքանակները։ Հոկտեմբերի 3-ին հաղորդվել էր, որ Ռուսաստանի հետ սահմանին մոտ 60 մեծ բեռնատար կոնյակ է կուտակվել, որոնք սպասում էին որակի փորձաքննության ավարտին: Հոկտեմբերի 5-ի երեկոյան Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է, որ Ռուսաստանի ԴՄԾ-ն մտադիր է չեղարկել Հայաստանից ներմուծվող կոնյակների նկատմամբ ուժեղացված մաքսային հսկողությունը:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը տեղեկություն էր տարածել, որ ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի, Ռուսաստանը սկսել է Հայաստանին անհրաժեշտ նավթամթերքի մատակարարումը։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում ճշտել են, որ Մոսկվան ընդառաջել է դաշնակիցներին 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, չնայած սեպտեմբերի 21-ին ՌԴ կառավարության կողմից երկրից ապրանքային բենզինի եւ դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը:
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն, իր հերթին, հաղորդել է, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի եւ դիզվառելիքի արտահանման քվոտայի ավելացման խնդրանքով, ընդգծելով, որ "Երեւանը երբեք Մոսկվային չի խնդրել անվճար մատակարարել դիզվառելիք կամ բենզին": "2023 թվականի հոկտեմբերին բենզինի եւ դիզելային վառելիքի քվոտան սպառվել է, եւ հայկական կողմը դիմել է քվոտայի ավելացման խնդրանքով, որը, մասամբ, բավարարվել է, ինչի արդյունքում Հայաստանի ներկրողները հնարավորություն են ստացել Ռուսաստանից գնել եւ ներմուծել 15 հազար տոննա բենզին եւ 20 հազար տոննա դիզելային վառելիք", - հաղորդել է գերատեսչությունը: