Արմինֆո.Հայաստանում պետական ծառայողները հնարավորություն կունենան բնակարան ձեռք բերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքերի համալիրում' պետական ծառայողներին բնակարաններով ապահովման նոր նախագծի շրջանակում:
Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագծին, որով սահմանվում է "ՄԼ Մայնինգ" ՍՊԸ-ի կողմից Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում կառուցվող համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի կարգը:
Նախագծի շրջանակում <Նոր Երևան > թաղամասում պետական ծառայողների համար հատկացվել է 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի, որոնք կբաշխվեն 2 փուլով: Առաջին փուլում նախատեսվում է բաշխել 700 բնակարան և 490 ավտոկայանատեղի, իսկ երկրորդ փուլում ՝ 300 բնակարան և 210 ավտոկայանատեղի ։
Բնակարանի 1 քմ գինը կկազմի 364 000 դրամ՝ առանց ներքին հարդարման, և 414 000 դրամ ՝ ներքին հարդարմամբ:
Բնակարանների համար վարկեր ստացող անձինք պարտավոր են կատարել կանխավճար' բնակարանի համար 10%, ավտոկայանատեղի համար' 20%: Քաղաքաշինության կոմիտեն կկազմի բնակարանների հավակնորդների ցուցակը, որից հետո կանցկացվի վիճակախաղ: Վիճակախաղին չեն մասնակցում այն դիմորդները, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված մարտական գործողությունների ընթացքում: Նրանց հետ կնքվում է գնման իրավունքի պայմանագիր:
Ինչպես նշել են քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունում, ներդրումային ծրագիրն իրականացվում է ՝ հաշվի առնելով բնակարանաշինության խթանմանն ուղղված պետության պարտավորությունները, պետական ծառայողների շրջանում լայն արձագանքը, ինչպես նաեւ եկամտահարկի փոխհատուցման արտոնությունների տրամադրման պայմաններում առաջնային շուկայում բնակարանների ձեռք բերման նկատմամբ աճող հետաքրքրությունը:
Նշվում է, որ ծրագրին մասնակցության և հայտերի ներկայացման ժամկետների մասին առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի Քաղաքաշինության կոմիտեի կայքում. www.minurban.am, եւ Facebook-ի էջում: Սկսված գործընթացի մասին տեղեկատվություն կուղարկվի բոլոր գերատեսչություններին՝ ծրագրից օգտվել ցանկացող աշխատակիցների վերաբերյալ ամփոփ տեղեկանք կազմելու համար: