Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված 1700 թեթև մարդատար տրանսպորտային միջոց։
Կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է հիշյալ որոշմամբ սահմանված ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, մաքսազերծել ֆիզիկական անձանց կողմից մինչև սույն թվականի դեկտեմբերի 4-ը ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, քանի որ ժամկետների երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու։
«Միաժամանակ, խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին, քանի որ համացանցի տարբեր հարթակներում և խմբերում անհայտ անձանց կողմից տարածվում են բողոքներ կազմակերպելու կոչեր և կեղծ խոստումներ՝ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ ՊԵԿ-ն արդեն տեղեկացրել էր, որ վերոնշյալ ծածկագրի ավտոմեքենաների սեփականատերերը կարող են ժամանակավորապես մաքսազերծել դրանք Վանաձորում, Սիսիանում և Երևանի մաքսային վարչության շենքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2023թ. դեկտեմբերի 5-30-ը ընկած ժամանակահատվածում մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ՀՀ տարածք ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծումը սուբսիդավորել մինչև 70% - ի չափով, սակայն՝ պայմանով, որ, նախ, ավտոմեքենայի սեփականատերը դեպոզիտ է մուծելու գումարն ամբողջությամբ, որից հետո ՊԵԿ-ը պետք է վերադարձնի սուբսիդավորվող մասը:
Մինչև 5 տարեկան ավտոմեքենաների սեփականատերերը դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ մաքսազերծման ժամանակ կվճարեն մաքսազերծման արժեքի 60% - ը, մնացած 40% - ը (ԱԱՀ, մաքսատուրք) կփոխհատուցվի պետության կողմից: 5 տարեկանից հին մեքենաների համար պետությունն արդեն կփոխհատուցի մաքսազերծման ծախսերի 70 տոկոսը։ 2023 թվականի տվյալներով ՝ Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծված և չվերարտահանված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրի թեթև մարդատար ավտոմեքենաների թիվը կազմում է շուրջ 9000: Նշվել է, որ ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից նշված ավտոմեքենաների ձևակերպման և փոխհատուցման դեպքում ՀՀ պետական բյուջեի զուտ եկամուտը կարող է կազմել շուրջ 15,6 մլրդ դրամ: Դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ կառավարության կողմից ընդունված մաքսային ձևակերպումների ծախսերի փոխհատուցման ծրագրի շրջանակներում օտարերկրյա պետհամարանիշներով 1154 ավտոմեքենա արդեն անցել է մաքսային ձևակերպում: