Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները:
Նշվել է, որ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության և ԲՏ ու ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է, որոնք ամփոփելու են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու բարենպաստ էկոհամակարգի ստեղծման հիմքերը:
Էրիկ Դե Մույնքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն առաջնահերթությունների շարքում է: Այս համատեքստում 2023թ. աշնանը կազմակերպվել է Բելգիայի Թագավորության տնտեսական առաքելության այցը Հայաստան, որի շրջանակներում բելգիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել հանդիպելու և քննարկելու համագործակցության հնարավոր եզրերը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել դառնալու կամրջող օղակ Բելգիայի մասնավոր ընկերությունների և ՀՀ գերատեսչությունների միջև՝ Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին հնարավոր մասնակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ ինժեներական և տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |