Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում է ոչ մեծ միջամտություններով դրամը զսպել արժեզրկումից: Այսպես, մարտի 9-ին ԿԲ միջամտությունը կազմեց 2 մլն.դոլար, իսկ մարտի 11-ին՝ 1 մլն.դոլար, դրամի արժեզրկման տրամադրությունը փոխարինելով արժևորումով: Արդյունքում, ընթացիկ շաբաթ դրամն ամրապնդվեց՝ 492-ից մինչև 490 դրամ/դոլար մակարդակ: Իսկ ընդհանուր առմամբ դրամը, հունվարին դոլարի նկատմամբ արժեզրկվելով` 482 դրամից մինչև 489 դրամ/դոլար, շարունակեց թուլանալ նաև հաջորդ ամիս, փետրվարի 12-ին, ԿԲ միջամտության պահին, հասնելով 496 դրամ/դոլար մակարդակ, որին հետևեց աստիճանաբար արժևորումը, իհարկե, ոչ առանց ԿԲ միջամտության: Իսկ երբ ԿԲ դադարեցնում է միջամտությունները, դրամն իսկույն սկսում է արժեզրկվել: Շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսան, որը փետրվարին, ինչպես նաև մարտի առաջին տասնօրյակում չէր գործել, վերջապես արթնացավ և մարտի 11-ին ապահովեց 100 հազ.դոլար ծավալ 491.73 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան շարունակում էր ակտիվ գործել, գրեթե ամեն օր, ԿԲ միջամտույթուններով, շաբաթվա ընթացքում ապահովելով 3.4 մլն.դոլար ծավալ, 491.73 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով: Նշենք, որ 2016 թվականին ԿԲ առաջին խոշոր միջամտությունները տեղի է ունեցան հունվարի 15-ին – 32.4 մլն.դոլար և հունվարի 29-ին – 23.8 մն.դոլար, իսկ նախկին խոշոր միջամտություների տեղի էին ունեցել 2015 թվականի օգոստոսի 28-ին`95 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին`22.2 մլն դոլար և հոկտեմբերի 2-ին` մոտ 6 մլն դոլար:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) մարտի 9-12-ը բանկերը գնել են 55.3 մլն դոլար (շաբաթվա անկումը`29%), 489.75 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 53 մլն դոլար (շաբաթվա անկումը`35%), 491.72 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 7.6 մլն եվրո (շաբաթվա աճը`38.2%), 538.46 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառվել է 11.3 մլն եվրո (շաբաթվա աճը`16%), 541.18 դրամ/ եվրո միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է նաև 648.8 մլն ռուբլի (շաբաթվա անկումը`27%), 6.82 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 430.2 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 11%), 6.96 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (փետրվարի 29-ից մարտի 4-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 40.8 մլրդ դրամի և 37.7 մլն դոլարի վարկեր: Նախորդող շաբաթվա համեմատ (փետրվարի 22-26-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել`12%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`2 անգամ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի 12 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները դիտվում են երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից, չնայած ԿԲ շաբաթական միջամտություններին, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, մարտի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 490 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 562 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 7.1 դրամ/ռուբլի մակարդակ: