Արմինֆո. Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին: Հանրապետության նախագահը համաժողովի առաջին` լիագումար նիստում, որն անցկացվել է «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո, հանդես է եկել ելույթով` անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, բարենպաստ գործարար միջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի միջոցով մուտքի դյուրինությանը և մակրոտնտեսական կայուն միջավայրին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած նյույորքյան համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ: Լիագումար նիստը վարել է «Կուն» հիմնադրամի հիմնադիր, միջազգային կորպորատիվ ռազմավար, ներդրումային բանկիր և հասարակական հայտնի գործիչ, նեյրոգիտության դոկտոր Ռոբերտ Կունը: Քննարկմանը ներկա են եղել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալլոնը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկը: