Արմինֆո. Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը որոշեց թողնել անփոփոխ, սահմանելով - 6.0%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է մայիսի 16-ին, ՀՀ ԿԲ Խորհրդի նիստում:
Բացի այդ, լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար կազմեցին` 7.5% և 4.5%:
Աղբյուրի համաձակմ, 2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձևավորմամբ: Այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելանալով՝ մտել է դրական տիրույթ և ապրիլի վերջի դրությամբ կազմել 1.2%՝ գերազանցելով ԿԲ կանխատեսումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող հորիզոնում գնաճը կշարունակի վերականգնվել՝ կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները բարելավվում են, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվում են գնաճային զարգացումները: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալում է միայն չափավոր գնաճային ազդեցություններ:
Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. առաջին եռամսյակի արդյունքներով դիտվել է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների և առևտրի ոլորտներում գրանցված բարձր աճերով: Միևնույն ժամանակ, վերջին տարիներին իրականացրած խթանող դրամավարկային քաղաքականությունը շարունակում է նպաստել ներքին պահանջարկի վերականգնմանը: Արդյունքում, սպասվում է, որ գնաճն արդեն 2017 թ-ին կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքում և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ: Միևնույն ժամանակ գնահատվում է, որ գնաճային ռիսկերն այս պահին հիմնականում հավասարակշռված են, որի պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները:
Այնուամենայնիվ, գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017 թ. մայիսի 26-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2017թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ վերանայումը տեղի էր ունեցել 2017 թվականի մարտի 28-ին, երբ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց 6% մակարդակում, լոմբարդային ռեպոները` 7.5%, իսկ բանկերից ներգրավված միջոցների տոկոսադրույքերը` 4.5%:
Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարի 14-ին 6.25-ից իջեցվեց մինչև 6.0%, լոմբարդային ռեպոները`7.75%-ից մինչև 7.5%, իսկ բանկերից ներգրավված միջոցների տոկոսադրույքերը` 4.75%-ից մինչև 4.5%: 2016 թվականի վերջին, դեկտեմբերի 27-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5%-ից իջեցվեց մինչև 6.25%, լոմբարդային ռեպոները`8%-ից մինչև 7.75%, իսկ բանկերից ներգրավված միջոցների տոկոսադրույքերը` 5%-ից մինչև 4.75%: 2015 թվականի վերջին, դեկտեմբերի 22-ին, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 9.75% -ից մինչև 8.75%, միևնույն ժամանակ, լոմբարդային ռեպոները 11.75%-ից իջան մինչև 11.25%, իսկ ներգրավված միջոցների տոկոսադրույքերը`8.75%-ից մինչև 8.25%: