Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ վարչապետը և Վրաստանի առաջին փոխվարչապետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին և, մասնավորապես, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը և Դիմիտրի Կումսիշվիլին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերին, դրական գնահատել դրանց ընթացքը և քննարկել հետագա քայլերը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կայուն աճում է և պետք է հետևողական աշխատել այդ տեմպը պահպանելու և ավելացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խթանման, ներդրումների ներգրավման, ազատ տնտեսական գոտիների շրջանակում և զբոսաշրջության ոլորտում գործակցության, միջմշակութային կապերի սերտացման և այլ ուղղություններով:
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 782 մլն 924,7 հազար դոլար: Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, արտահանման աճը 2015 թվականի համեմատ կազմել է 20%: Միևնույն ժամանակ, Հայաստան ներմուծումը 2016 թվականին ավելացել է 1,6%-ով և կազմել 3 մլրդ 292 մլն 425,3 հազար դոլար: Հարևան Վրաստանի հետ երկկողմ առևտրի ծավալն աճել է 27,7%-ով և կազմել 245 մլն 261,5 հազար դոլար: