Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 13 գինեգործական ընկերություններ մասնակցում են փետրվարի 5-ից 9-ը Մոսկվայում անցկացվող սննդամթերքի, ըմպելիքների (ներառյալ ալկոհոլային խմիչքները) և դրանց հումքի «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային այս ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացնում արդեն երկրորդ անգամ:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. «Գինու նվիրական երկիր Հայաստանն իր արտադրանքով բավականին մեծ պահանջարկ է վայելում ՌԴ շուկայում, որը մեր գինիների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է: Շնորհիվ տեղածին սորտերից պատրաստվող բարձրորակ առանձնահատուկ գինիների՝ Հիմնադրամը ընկերությունների հետ համատեղ նպատակ ունի առավել ամրապնդել և ընդլայնել իր դիրքերը ռուսաստանյան շուկայում: Բացի այդ, այս ցուցահանդեսը հիանալի հարթակ է միջազգային նոր շուկաներ մուտք գործելու համար»:
Հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրությունն ու այցելուների հոսքը բավականին մեծ է:
Դրական և հեռանկարային գնահատելով ցուցահանդեսի մեկնարկը՝ գինեգործական ընկերություններն ակնկալում են համագործակցության նոր առաջարկներ և շահութաբեր պայմանագրեր: Նախատեսված է գինու գնորդների, դիստրիբյուտորական ցանցերի ներկայացուցիչների այցելություն հայկական տաղավար:
Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 2200 ընկերություններ ավելի քան 62 երկրներից: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա մոտ 70.000 այցելու:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |