Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շուտով հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ՝ ուղղված գյուղատնտեսկան նշանակության հողերի պարտադիր օգտագործմանը: Այդ մասին FAO /ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության/ աջակցությամբ նախօրեին կայացած սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարի խոսքով, փաստաթուղթն ուղղված է գյուղատնտեսական նշանակության չմշակվող հողերի լիարժեք օգտագործմանը՝ հողամասը վարձակալության տալու հիման վրա, միաժամանակ չզրկելով սեփականատիրոջը հողի նկատմամբ սեփականության իրավունքից: Համապատասխան հայեցակարգի նախագիծը, ինչպես հայտնել է Առաքելյանը, ներկայացվել է գործադիր մարմնի քննարկմանը:
Միաժամանակ նախարարը համաձայն չէ, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի շահութաբերությունն այսօր բարձր չէ, ինչի հետ կապված՝ շատերը թողնում են իրենց գյուղատնտեական նշանակության հողատարածքները և արտագաղթում: Շահութաբերության հետ կապված խնդիրներ, ինչպես գտնում է գյուղատնտեսության նախարարը, դիտվում են այն ֆերմերների մոտ, ովքեր «հողի հետ աշխատել չգիտեն»:
Համապատասխան գիտելիքների բացակայությունը, ինչպես նաև մենթալիտետի հետ կապված խնդիրներն էլ այսօր խանգարում ֆերմերներին օգտվել շահավետ ֆինանսական գործիքներից, ինչպես օրինակ՝ պետական ծրագրի շրջանաներում ֆինանսական վարձակալությամբ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումը: «Անիմաստ է օգտվել լիզինգի ծրագրից, եթե հողմասը չի գերազանցում է 60 հա-ն: Տեխնիկայի արժեքի 20% չափով նախնական վճարումը կատարելու համար գյուղացիները պետք է միավորվեն և միասին մեկ տրակտոր ձեռքբերելու որոշում կայացնեն: Բայց նրանք չեն գնում դրան. խնդիրը մենթալիտետի մեջ է»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը մտահոգություն էր հայտնել ոռոգելի հողատարածքների օգտագործման չափազանց ցածր մակարդակի առնչությամբ: Մասնավորապես, կառավարության ղեկավարի խոսքով, միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ «Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,-նշել էր նա:
Նշենք նաև, որ գյուղատնտեսության ոլորտը երկու տարի անընդմեջ անկում է գրանցում: Չնայած այն բանին, որ 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7,5%-ով, մինչդեռ մեկ տարի առաջ դանդաղել էր մինչև 0,2%` 2015 թվականի 3,2%-ից, այուամենայնիվ, ագրոհատվածը, պահպանելով անկումը, ընդամենը դանդաղեցրել է տեմպերը մինչև 3%` 2016թ. 5,2%-ից: Այնուամենայնիվ, ընթացիկ տարվա մարտի 21-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարել էր, որ ոլորտի աճ է կանխատեսում արդեն ընթացիկ տարվա արդյունքներով: «Աճը կլինի փաստ, քանի որ արդեն կա որոշ աշխուժացում, ներդրվել է կաթիլային ոռոգման ոլորտին և ինտենսիվ այգիների ստեղծմանը, հակակարկտային ցանցերի տեղադրմանն ու մթերող ընկերությունների համար շրջանառու միջոցների ապահովմանն աջակցության ծրագիր: Այդ բոլոր միջոցառումները կհանգեցնեն ոլորտի խթանմանը, քանի որ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն զուգընթաց ֆերմերը կստանա երաշխիքներ, որ նրա արտադրանքը կգնվի՚, - պարզաբանել էր նախարարը: