Արմինֆո. ՀՀ տնտեսության առավել խոցելի խնդիրը՝ տնտեսության մենաշնորհային և օլիգոպոլ վիճակի դեմ պայքարը ժողովրդի կառավարության թիրախներից է: Մինչդեռ մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ միայն քաղաքական կամքով:
Տարիների ընթացքում ձևավորված մենաշնոհրները ունեն կայուն կազմավորված կառուցակարգեր, որոնց կազմալուծումը բավականին բարդ է: Ներկրող և անգամ արատահանող մենաշնորհները ունեն մրցակցային դիրքերը ամուր պահելու ձևավորված ենթակառուցվածքներ, մասշտաբի էֆեկտը դրսևորելու հնարավորություն, ապրանքների և ծառայությունների տեղաշարժի գործունակ և հաստատուն խողովակներ, գնային մրցակցության պայքարի արդյունավետ գործիքակազմ, ներառյալ՝ գնային դեմպինգը, մենաշնորհային ապրանքների միաժամանակ ներմուծման և արտադրելու փաստացի հնարավորությունը: Որևէ սկսնակ կամ անգամ արհետավարժ բիզնես նման մենաշնորհային ոլորտի դաշտ մտնելուց առաջ երկար կգնահատի նման գործոնների դեմ մրցակցելու իր հնարավորությունները, որոնք իրականում կլինեն խիստ սահմանափակ: Հետևապես կազմավորված մենաշնոհրների դեմ պայքարը ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում և վաղ է հայտարարել դրանց նկատմամբ հաղթանակի մասին:
Ստորև անդրադառնանք պետությունից ուզուրպացված (կամ զավթված) բնական մենաշնորհների ծառայությունների՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարման ոլորտում ծառայություններ ստացողների սուբսիդավորման պատվիրակմանը՝ այդ իսկ ոլորտի բիզնես վարողներին: Այդ երևույթը վտանգավորության աստիճանը մինչ օրս մնում է հանրության շրջանում լիարժեք չգնահատված: Երևույթի կնքահայրը վարչապետ Կ. Կարապետյանն էր, ով 2016 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գազի և էլետրաէներգիայի սակագների հայտարարված իջեցման պատրվակով “Գազպրոմ-Արմենիա” և “ՀԷՑ” ընկերություններին, ըստ էության, պատվիրակեց անապահով որոշ խմբի սպառողներին և բիզնեսի առանձին խմբերին բնական գազի և էլեկտրաէներգիայի արտոնյալ ցածր սակագներով մատակարարումը: Այն տնտեսական բովանդակության առումով նշանակում է բնաիրային տեսքով սուբսիդավորում: Ընդ որում, նման սուբսիդավորումը այդ ընկերությունները իրականացնում են ոչ թե իրենց շահույթները նվազեցնելով, այլ մնացած բոլոր սպառողների հաշվին: Իրականում դա պետության կողմից չստացված հարկն է, որն այնուհետև պետք է պետական բյուջեի խողովակով սուբսիդավորվեր նշված շահառուներին, ընդ որում, ոչ թե բնաիրային, այլ դրամական տեսքով:
Այդ գործառույթի նման պատվիրակման նպատակը մեկն էր՝ հեռու պահել իշխանություններին, ի դեմս ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), այդ երկու կառույցների գնագոյացման խոհանոցից, քանի որ նրանք ստանձնել են կեղծ բարեգործական առաքելություն: Իրականում էներգակիրների՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը առանձին շահառուների համար ուղորդված էր կլանային շահերի առանցքով:
Հարկ է նշել, որ վարչապետ Փաշինյանը կառավարության անդամներին նպատակադրում է խիստ կարևոր խնդիրների լուծմանը, մինչդեռ արդյունքները միշտ չէ, որ մոտենում են սպասումներին: Այսպես, հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանը ի պատասխան վարչապետի նախկինում տրված հանձնարարականի` գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված, նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնինը 10 դրամով կնվազի միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնց թիվը կազմում է 110-120 հազար: Ընդ որում, շեշտեց, որ "Տաշիր" (ՀԷՑ-ի սեփականատեր) ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի նրանք իրենց շահույթի հաշվին դա անեն: Միանգամից հարկ է շեշտել, որ հանրային կարևոր խնդրի այդ չակերտավոր լուծումը իրականում ընթանում է նախորդ իշխանության նախանշած վտանգավոր կոռուպցիոն սխեմայի շրջանակում: Դրանով նախորդ իշխանությունները քողարկում էին կոռուպցիոն շղթան և դրա հետ մեկտեղ հանձնում էին ՀՀ տնտեսական ինքնիշխանությունը, ելնելով բարձրագույն ղեկավարության անձնական պրագմատիկ շահերից:
Մեզանում տարիներ շարունակ քննարկվող գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցնելու հարցը սկզբունքորեն հանգում է սակագների հնարավոր նվազեցման հնարավորությանը (որի քննարկումը մեր սույն հարցադրումների բուն խնդիրը չէ): Հարկ է շեշտել, որ սակագների իջեցումը ստեղծում է նաև երկրորդ աննախադեպ հնարավորությունը, այն է` հարկային համակարգում էկոլոգիական հարկերի դոկտրինի ներմուծումը, որը հարկային և ավելի լայն տնտեսական քաղաքականության մեջ դնում է բոլորովին նոր որակի խնդիրներ և լուծումներ, այդ թվում նաև լուծելով սոցիալապես անապահով խավերի անձանց և բիզնեսի որոշ թիրախային ոլորտների համար առավել հասցեական աջակցության խնդիրը:
Հարկային համակարգի էկոլոգացման ու դրա առաջին կարևոր քայլի` բնական գազի և էլեկտրաէներգիայի ակցիզային հարկի ներմուծման դեպքում, ժողովրդի կառավարությունը որպես նպատակադրում կարող է հռչակել հարկային քաղաքականության փիլիսոփայության փոփոխությունը, որով առաջին հերթին կվերականգնվի տնտեսական ինքնիշխանությունը, կապահովվի այդքան անհրաժեշտ հարկային եկամուտների կտրուկ բարձրացումը, միաժամանակ` կարող է լուծում տրվել երկար ժամանակ խնդրահարույց դարձաց մի շարք խնդիրների` մաքսային սահմանի վրա ԱԱՀ գանձման պրակտիկային, ԱԱՀ դրույքաչափի նվազեցմանը, եկամատահարկի պրոգրեսիվ դրույքաչափից հրաժարմանը (թվարկումը կարելի է շարունակել) և միաժամանակ բյուջետային նպատակային սուբսիդավորման միջոցով լուծել նաև սոցիալական նշանակության առաջնահերթ խնդիրներ: Իրական քայլ կատարելով հարկային համակարգի էկոլոգացման ուղղությամբ, ՀՀ կառավարությունը հիմնավոր հայտ կարող է ներկայացնել դոնոր վարկավորող երկրներին` պետական արտաքին պարտքի կրճատման խնդրով` «պարտքը բնապահպանության դիմաց» (Debt-for-Environment Swaps (DFES)) ձևաչափով, որը ներկայումս հանդիսանում է այդ խնդրի լուծման առավել արդյունավետ գործիքը:
Բնական գազի և էլեկտրաէներգիայի ակցիզային հարկի ներմուծման ընդիմախոսները առաջնահերթ բարձրաձայնում են գների բարձրացման վտանգի փաստարկը, որն ըստ նրանց երկմտելու տեղ չի թողում: Իրականում դա խաբկանք ու էժանագին մոլորեցնող քայլ է: Խնդիրը նրանում է, որ էներգակիրների ակցիզի ներմուծումը չի բարձրացնի սպառողների կողմից սպառված գազի և էլեկտրաէներգիայի վճարումները, քանի որ գործադրվում է «զրոյական միասնական սակագնի» ալգորիթմը, այն է` սակագին գումարած ակցիզային հարկ ձևաչափը չի գերազանցելու սպառողի սակագնի վճարը (սպառողը կվճարի նույն գումարը): Մինչդեռ պետության և տնտեսության համար կստեղծվի բոլորովին այլ իրավիճակ ու հնարավորություններ:
Առաջարկվող լուծումը հնարավորություն կնձեռի ապահովել. ա) կոռուպցիայի դեմ իրական պայքարն ու տնտեսական ինքնիշխանության վերականգնումը, բ) հարկային անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, գ) բյուջեի մուտքերի կայուն աճի ապահովումը, դ) պետական պարտքի սպասարկումից՝ ինտենսիվ կառավարման անցումը՝ hատուկ կառուցակարգով արտաքին պետական պարտքի ճնշող բեռի կրճատումը:
Հարկային համակարգի էկոլոգացման գործնական կիրառումը պահանջում է ՀՀ «Հարկային օրենսգրքում» համապատասխանաբար երկու նոր` «Էլեկտրաէներգիայի ակցիզային հարկը» և «Բնական գազի ակցիզային հարկը» բաժինների ներմուծում:
Ստորև համեմատական գնահատման կարգով ներկայացված են ՀՀ-ում երկու ձևաչափերով սպառողների համար բնական գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցման արդյունքներն ու հետևանքները:
Առաջինը, սպառողների համար արդեն իսկ կիրառվող լուծումն է՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի տարբերակված կամ արտոնյալ և ոչ արտոնյալ սակագների կիրառումն է, որն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2016 թ. նոյեմբերին և դեկտեմբերին: Այս տարբերակը խիստ խոցելի է և հանգեցրել է ՀՀ տնտեսական ինքնիշխանության կորստին: Բացի այդ, այն անմրցունակ է հետևյալ հիմնավորումներով.
1. Կիրառվում է գազ և էներգակիներ ունեցող զարգացող երկրներում և մեթոդական առումով հանգում է բնաիրային սուբսիդավորման ձևաչափին: Հայտնի է, որ Հայաստանը էներգակիրներ ներկրող է և նրա էներգետիկ ռազմավարության հիմքում տնտեսական տարբեր խթանող կառուցակարգերով այդ էներգակիրների ներմուծման այլընտրանքների դերի մեծացումն է:
2. Մոտեցումը մերժելի է «հարկային ծախսերի» կառուցակարգի առումով: Հարկը զիջվում է արտոնյալ սակագներով ծառայություն մատուցելու դիմաց, որը քանակապես` ֆիսկալ, տնտեսական և սոցիալական արդյունքների առումով որևէ կերպ գնահատված չէ:
3. Կառավարությունը սուբսիդավորման կարևոր գործառույթը միջնորդված` տարբերակված սակագների ձևաչափով պատվիրակել է օտարերկրյա առևտրային` բնական մենաշնորհների ոլորտում գործող կազմակերպություններին` «Գազպրոմ Արմենիա»-ին և «ՀԷՑ»-ին: Կառավարության լիազորությունների պատվիրակումը մասնավոր կառույցներին միջազգային պրակտիկայում ընդունված ձևաչափ է (հատկապես հակակոռուպցիոն լուծումների առումով), սակայն այս դեպքում միաժամանակ առկա են մի քանի ռիսկեր՝ կապված` ա) պետության ֆինանսական վերաբաշխման անմիջական գործառույթի, բ) բնական մենաշնորհ ոլորտների, գ) ներգրավված սուբյեկտների անմիջական տնտեսական շահը պատվիրակող գործառույթի, գ) դրա վարչարարության ակնհայտ բարդացման հետ: Ըստ այդմ կառավարությունը անհիմն ձևով կամավոր զիջել է իր ֆինանսական սուվերենությունը օտարերկրյա ընկերություններին: Դա կարող է խիստ բացասական ազդակ դառնալ ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների համար: Պատկերացնենք, օտարերկրյա ներդրողների դիրքորոշումը այն հանգամանքին, երբ նրանք բացահայտեն, որ մասնավորապես՝ ՀՀ վերամշակող ոլորտում գազի և էլեկտրաէներգիայի նվազ սակագները կիրառվում են ռուսական «Գազպրոմ Արմենիա» և «ՀԷՑ»-ի կողմից, նրանց նախաձեռնությամբ կարող է ՀԾԿՀ-ն փոփոխել այդ սակագները, և բացի այդ նրանք կարող են իսպառ հրաժարվել արտոնյալ սակագներ տրամադրումից: Կարծում ենք մեկնաբանությունները ավելորդ են:
4. Այն մերժելի է նաև կիրառվող բնաիրային սուբսիդավորման ձևաչափի առումով, որի այլընտրանքը «համախմբված (կոնսոլիդացված) սուբսիդավորումն» է: Անապահով ընտանիքներին և թիրախային տնտեսվարողներին հատկացվող բնաիրային սուբսիդավորող տրանսֆերը դրա հասցեատիրոջը (բացի գազի և էլեկտրաէներգիայի սպառումից) զրկում է դա այլ ուղղությամբ ծախսելու հնարավորությունից կամ սուբսիդավորման այն ձևաչափից, երբ ստացողի համար առկա է ծախսերի վերաբաշխման հնարավորություն:
5. Տնտեսվարողների նման ձևով սուբսիդավորումը կառավարությանը զրկում է մրցույթային սուբսիդավորման իրականացումից, որը հատկապես նպատահարմար է ՓՄՁ-ի սուբսիդավորման դեպքում:
6. Կառավարության կողմից սուբսիդավորման ոլորտների առաջնահերթությունների և դրանց չափերի փոփոխության որոշման դեպքում նա պետք է խնդրանքով դիմի «Գազպրոմ Արմենիա»-ին, որն էլ իր հերթին դիմի ՀԾԿԱ-ին, որպեսզի սահմանվեն տարբերակված նոր սակագներ: Դրա նպատակահարմարությունը, մեղմ ասած, խելամիտ հիմնավորում չունի:
7. Կառավարությունը, բացի սուբսիդավորման գործառույթ պատվիրակելուց առևտրային կազմակերպություններին ինչոր չափով պատվիրակում է նաև սուբսիդավորվող կազմակերպությունների վերահսկողության կամ մոնիթորինգի գործառույթ, որն ընդունելի չէ, քանի որ վերջիններս անմիջական շահ ունեն վերահսկողության բուն խնդրի և հարաբերությունների նկատմամբ:
8. Մոտեցման վարչարարությունը ի սկզբանե օբյեկտիվորեն խճճված ու բարդ է՝ ելնելով տարբեր կողմերի տարբեր վեկտորների վրա գտնվող շահերից` պետության, բաշխիչ ցանցերի` «Գազպրոմ Արմենիա»-ի, «ՀԷՑ»-ի և գազ ու էլեկտրաէներգիա սպառողների: Խնդիրը հանգում է «Գազպրոմ Արմենիա»-ի և «ՀԷՑ»-ի արտոնություններից օգտվող և դրանցից չօգտվող սպառողների ծախսած գազի և էլեկտրաէներգիայի քանակի «գեպը» կամ ճեղքվածքը մեծացնելուն, որի հետևանքով արտոնություններից չօգտվող սպառողները ստիպված վճարում են ավելի շատ:
9. «Գազպրոմ Արմենիա»-ն և «ՀԷՑ»-ը՝ որպես բիզնես ընկերություններ, շահույթը մեծացնելու նպատակով շահագրգռված են այս պահին և հետագայում կիրառել սակագնային զեղչերի համակարգ` պայմանավորված գազի ու էլեկտրաէներգիայի սպառման ծավալներով: Մինչդեռ նշված առևտրային ընկերությունները շահագրգռված չեն տարբերակված սակագին կիրառել անապահով անձանց, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար: Դա պետության նպատակային քաղաքականության խնդիրներից է:
10. «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից ցածր սակագների կիրառության ռեզերվներից մեկը պետության գործառույթների մեջ է, այն է` Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցումը: Մյուսը` ընկերության ֆինանսական ծախսերի օպտիմալացումը և ներդրումային ծրագրերի վերանայումը, բացի ընկերության կառավարման խնդիրը լինելուց, միևնույն ժամանակ և առավելապես ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խնդիրն է: Հաջորդը ընկերության բաժնետեր ռուսական «Գազպրոմ»-ի կողմից ՀՀ-ին բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով ֆինանսավորումն է` հիմնադրի՝ այս պահի բիզնես կամքի դրսևրումը: Այն վաղը կարող է 180 աստիճանով շրջվել. պատճառը էական չէ, և ոչ ոք ռուսական «Գազպրոմ Արմենիա» կամ «ՀԷՑ» ընկերություններին չի կարող մեղադրել ինչոր խախտումներում, քանի որ դա առևտրային ընկերությունների բիզնես որոշման արդյունք է և ոչ թե պայմանագրային պարտավորության խախտում:
11. Ընդդիմախոսների մյուս հիմնական փաստարկն այն է, որ ԵՏՄ-ում և ԵՄ-ում գազի և էլեկտրաէներգիայի ակցիզային հարկումը կիրառվում է միայն այն դեպքում, երբ բոլոր անդամ երկրներ կիրառում են դա: Հարկային քաղաքականությունն ու հարկերի հավաքագրումը ԵՄ և ԵՏՄ-ի անդամ պետությունների ինքնիշխանության առանցքային հարցն է. այս ոլորտում անդամ երկրները միայն սահմանափակ լիազորություններ են պատվիրակում միությանը: Ի տարբերություն մաքսային ոլորտի՝ հարկային ոլորտին վերաբերող փաստաթղթերը խորհրդատվական, շրջանակային և հայեցողական են: Էներգակիրների հարկերի կիրառման հայեցակարգերը, մոտեցումները, կառուցակարգերը և հատկապես դրույքաչափերը ԵՄ-ի երկրներում խիստ տարբեր են:
Վերը նշված փաստարկները վկայում են բնական գազ և էլեկտրաէներգիա սպառողների համար տարբերակված՝ արտոնյալ և ոչ արտոնյալ սակագների կիրառումը խոցելի է և անմրցունակ, քանի որ հիմնավորված չէ քանակական գնահատումներով, առաջացնում է բազմաթիվ բարդ և լուծում չունեցող հարցադրումներ, բաց են մնում երկարաժամկետ խնդիրները: Ըստ այդմ ստորև ներկայացվում են նախընտրելի տարբերակի՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի ակցիզային հարկի ներմուծման հիմնավորումները.
1. Մոտեցումը հիմնված է տեսամեթոդական հիմնավոր և անժխտելի հիմքի վրա (Double Dividend) որը տասնամյակներ շարունակ կիրառվում է միջազգային պրակտիկայում՝ Եվրամիության բոլոր և ՏՀԶԿ-ի բազմաթիվ երկրներում:
2. Այն արդյունավետ է հատկապես այն երկրներում, որոնք չունեն էներգակիրների` նավթի, գազի պաշարներ և ընդ որում դա կախված չէ երկրի զարգացման մակարդակից:
3. Զգալի չափով՝ մի քանի տոկոսային կետով բարձրացնում է հարկային եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունը, որը երկրի հարկաբյուջետային կառավարման գնահտման առավել կարևոր ցուցիչներից է:
4. Բոլոր վճարողների համար «զրոյական միասնական սակագինը» (սակագին գումարած հարկ) մնում է նույնը, հավաքագրման վարչարարությունը պարզ է և նվազ ծախսատար: Ընդդիմախոսները չեն ցանկանում նկատել դա. այն է` սակագին գումարած հարկ մեծությունը չի գերազանցում մինչ այդ գործող սակագինը, որի լուծման հիմքը արդեն իսկ տրվել է նախորդ կառավարության կողմից:
5. Պետությունը ստանում է լրացուցիչ զգալի հարկային եկամուտներ: ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կաճեն տարեկան 30-50 մլրդ. դրամով և ավելի: Նշված մեծ միջակայքը պայմանավորված է նրանով, որ մինչ այդ հարկ է որոշել առաջարկվող ակցիզային հարկի կիրառման մոտեցումները, չափորոշիչները և կոնկրետ կառուցակարգերը, որի դեպքում կարելի է ստանալ նաև սպասվելիք հարկային մուտքերի մեծությունը:
6. Ի հաշիվ լրացուցիչ հարկային եկամուտների՝ լուծվում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ, մասնավորապես.
ա) Նպատակային սուբսիդավորում են ստանում անապահով անձինք և թիրախային տնտեսվարողները: Այն ինչ նախատեսվում է իրականցնել բարդ տարբերակված սակագների միջոցով:
բ) Լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին կարող են լուծվել, մասնավորապես մաքսային սահմանի վրա ԱԱՀ գանձման կրճատումը և կամ դրա վերացումը և կամ եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափը փոխարինել համաչափ դրույքաչափով և կամ ԱԱՀ դրույքաչափը նվազեցնել և կամ լուծել այլ առաջնահերթություններ:
գ) Հնարավոր կլինի անդրադառնալ պետական արտաքին պարտքի կրճատան արմատական լուծմանը՝ «պարտքը բնապահպանության դիմաց» (Debt-for-Environment Swaps (DFES)) ալգորիթմով:
7. Ակցիզային հարկի ազդեցության գնահատումը դրական է` 1) հարկային մուտքերի, 2) վերջնական սպառման ապրանքների գների վրա ազդեցության, 3) հարկ վճարողների գործունեության և տնտեսության ռեսուրսատարության ու ծախսատարության ազդեցության առումով, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
8. ՀՀ հարկային օրենսգրքի հիմքում կդրվի արմատապես նոր փիլիսոփայություն կամ տնտեսական քաղաքականության խթանման բովանդակային բաղադրիչ, որը կապահովի հարկային եկամուտների էական աճ և դրանց դյուրին հավաքագրում, ավանդական հարկերի հարկային բեռի նվազեցում, հարկային համակարգի ընդհանուր չեզոքության պահպանում և ըստ այդմ՝ հարկային բեռի հավասարաչափ ճնշման ապահովում:
9. Լուծվում է ֆիսկալ եկամուտների էական աճի խնդիրը, միաժամանակ ապահովվում է էկոլոգիական խմբի հարկերի չեզոքությունը և բոլոր հարկերի հավասարակշռությունը:
10. Բիզնեսը ապահովում է. ա) նորարարությունների հանդեպ ընկալունակ նախաձեռնողական խթաններ, բ) երկարաժամկետ գործունեության իրատեսական մղումներ, գ) մրցունակության հավասար հնարավորություններ:
11. Առաջարկվող լուծումը հնարավորինս հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը և առաջացնում ցանկալի սիներգիկ կամ բազմապատիկ արդյունք:
12. Բնական գազի և էլեկտրաէներգիայի ակցիզային հարկի ձևաչափի ներդրումը նախընտրելի է և մրցունակ, քանի որ լուծում է առաջադրված խնդիրը նպատակամղվում է կառավարության և տնտետսության համար կարևորագույն միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը:
13. Էկոլոգիական հարկերից (էներգակիրների խմբի, քանի որ այստեղ չի դիտարկվում բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար կիրառվող պարտադիր վճարներն ու հարկերը) ստացվող եկամուտները իրենց բնույթով հաստատուն են, ենթակա չեն տատանումների՝ ի տարբերություն սովորական հարկային եկամուտների: Դա պայմանավորված է նրանով, որ գազի և էլեկտրաէներգիայի ակցիզի հարկային եկամուտները հիմնված են սպառման վրա, այսինքն՝ «ցնդող չեն»՝ ի տարբերություն այլ եկամուտների (կամ ՀՆԱ-ի աճի): Այսպիսով էկոլոգիական հարկերից գեներացվող հարկային եկամուտները առավել նվազ հեղեղուկ են և ունեն ցածր շեղումներ՝ ի տարբերություն սովորական եկամուտների ու շահույթի հարկման:
14. Ի վերջո առաջարկվող հարկումը կնպաստի ՀՀ վճարային հաշվեկշռի բարելավմանը՝ ի հաշիվ.
- ամբողջությամբ ներկրվող գազի հարկման, որը կմեղմի ճնշումը ՀՀ կենտրոնական բանկի արտարժութային պահուստների վրա,
- կխթանի արտահանող ոչ էներգետիկ ընկերությունների մրցունակության բարձրացումը և հետևապես՝ նրանց արտահանման ծավալների աճը:
Ամփոփելով նշենք, որ առաջարկվող լուծումը ստեղծում է եզակի ու աննախադեպ հնարավորություն, այն է` արմատապես փոխել հարկային համակարգի ամբողջական դոկտրինը, որը հարկային և ավելի լայն` տնտեսական քաղաքականության մեջ առաջ կբերի բոլորովին նոր որակ և լուծումներ: Մասնավորապես՝ բիզնեսի համար կապահովի մրցունակության հավասար հնարավորություններ, նորարարությունների հանդեպ ընկալունակ նախաձեռնողական խթաններ, երկարաժամկետ գործունեության իրատեսական մղումներ: Առաջարկվող մոտեցումը հնարավորություն կտա էապես բարձրացնել ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները, քանակապես այն գնահատվում է տարեկան 30-50 մլրդ. դրամ կամ ավելի չափով, կախված` ներդրվող համակարգի մոտեցումներից, չափորոշիչներց, կառուցակարգերից և այլ գործոններից:
ԱՐԱ ՔԱՌՅԱՆ
“Լոգիկա” գործարար և ֆինանսատնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ, տ. գ. թ., դոցենտ