Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:
Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության և ՀԲ-ի հետ ակտիվ գործակցությունը կարող է նպաստել երկրում տնտեսական ակտիվության խթանմանը: Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնում է բիզնեսի համար առավելագույնը թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ:
Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, տնտեսության, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կառավարության քայլերը բարենպաստ միջավայր կապահովեն երկրի տնտեսական զարգացման ու առաջընթացի համար:
Երկկողմ համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Սիրիլ Մյուլերն անդրադարձել են նաև Հայաստան-ՀԲ 2019-2023 թվականների համագործակցության ռազմավարական փաստաթղթին և դրանով նախատեսվող ծրագրային առաջնահերթություններին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |