Արմինֆո. «Երբ երկրի քաղաքացիները կառավարությունից պահանջում են թափանցիկ աշխատանք, արդյո՞ք կառավարությունը իրավունք ունի նույնպիսի թափանցիկություն ակնկալել քաղաքացիների կողմից՚, - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հարց է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ կառավարության նախաձեռնությանը։
Կառավարության ղեկավարի ասելով, շատ քաղաքացիներ այնպիսի բացասական արտահայտությամբ են խոսում իրենց հարկային պարտավորությունների կատարման մասին, կարծես, այդ հարկերը վճարվում են «վարչապետի գրպանը՚: «Պետք է փոխենք մեր վերաբերմունքը հարկերի վճարման ինստիտուտի նկատմամբ։ Բոլորը պահանջում են թոշակների, նպաստների և աշխատավարձերի բարձրացում, հարթ ճանապարհներ և նոր դպրոցների կառուցում, բայց երբ խոսքը գնում է հարկերի մասին, որոնք պետք է ապահովեն պետական բյուջեի եկամուտները, որտեղից էլ այդ նպատակների համար միջոցներ են ստացվելու, բոլորը մի կողմ են քաշվում՚, - հայտարարել Է վարչապետը։
Ընդ որում, ինչպես նշել է Փաշինյանը, հայտարարագրումը դեռ չի նշանակում այդ եկամուտների հարկում։ Այսօր նա կոչ է արել նախաձեռնությունը դիտարկել որպես երկխոսության նոր ձեւ, ընդգծելով, որ միայն հարցի քննարկումից հետո այն կիրագործվի:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն մտադիր է փոփոխություններ մտցնել հարկային օրենսգրքում: Եթե փոփոխությունները ընդունվեն, ID քարտերը նույնպես կդառնան կուտակային քարտեր, որոնք կարող են օգտագործվել նաև առևտրի կենտրոններում: Ինչպես հայտարարել էր ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը կառավարության ֆեյսբուքյան էջում զետեղված տեսանյութում, ID- քարտեր ունեցողների համար կպատրաստվեն հատուկ հայտարարագրեր: «ID- քարտերը կդառնան կրիչներ բոլոր վայրերում: Մենք բոլորին կբաժանենք քարտեր «ընթերցող» սարքեր: ՀԴՄ-ները կորոշեն գնորդին, և երբ դուք ինչ-որ բան եք ձեռք բերում խանութում, ապա ՊԵԿ-ում այդ ապրանքը գրանցվում է որպես գնված: Միևնույն ժամանակ, բոլոր գնումների 3% -ը մեկ տարվա ընթացքում կվերադարձվի քաղաքացուն», - նշել էր Անանյանը:
Ընդ որում, 2018 թվականի նոյեմբերի 7-ին, պատասխանելով Արմինֆո գործակալության հարցին, ՊԵԿ ղեկավարը հայտարարել էր, որ եթե քաղաքացու ծախսերն զգալիորեն գերազանցեն պաշտոնական եկամուտները, ապա, հնարավոր է, հարկայինների մոտ հարցեր ծագեն այդ միջոցների աղբյուրների վերաբերյալ: «Պետությունն իրավունք ունի խնդրել ցույց տալ նաև այն եկամուտները, որոնք ձեզ հնարավորություն են տվել կատարել նման ծախսեր՚, - նշել էր նա: Անանյանի ասելով, որպես մարդ, ինքը հասկանում է այն քաղաքացիների մտահոգությունը, որոնք թաքցնում են իրենց իրական եկամուտները, բայց չի հասկանում` որպես հարկային ղեկավար։