Արմինֆո. Վերջին 10 տարիների ընթացքում Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության վարկավորմանն ուղղել է ավելի քան 4.5 մլրդ դոլար, որից 1.2 մլրդ դոլարը բաժին է ընկել արտահանման ֆինանսավորմանը: Այս մասին մարտի 19 - ին Հայաստանի բանկերի միության ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀԲՄ նախագահ, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ Այդ առումով նա նշել է, որ բանկի վարկային ներդրումների տարեկան աճը կազմել է միջինը 39%:
Խոսելով 2018 թվականի արդյունքների մասին՝ Ա.Հանեսյանը հայտնել է, որ Ամերիաբանկին հաջողվել է 2 անգամ ավելացնել սպառողական պորտֆելը, ավելացնել հիփոթեքային ակտիվները ավելի քան 50%-ով, բիզնես վարկերը՝ 14% - ով: Բացի այդ, կրկնակի աճել է բանկի հաճախորդների բազան:
<Կարծում եմ, որ դա տեղի է ունեցել նոր ծառայությունների, մասնավորապես, առցանց վարկերի տրամադրման սքորինգային համակարգի ներդրման հաշվին, որը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ստանալ վարկի հաստատման մասին բանկի որոշումը>,- նշել է Հանեսյանը: Միաժամանակ նա նշել է միկրոբիզնեսի առցանց վարկավորման համակարգը, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում վարկառուները առանց գրավային ապահովման կարող են դիմել բանկ և վարկ ստանալ: <Մենք, բնականաբար, շարունակում ենք և ընդլայնում ենք այդ ծրագրերը>, - ասել է Ա.Հանեսյանը ՝ տեղեկացնելով, որ 2019 թվականին Ամերիաբանկը մտադիր է գործարկել 2 նոր օնլայն ծառայություններ՝ ինչպես բիզնես հատվածի, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ 31.12.2018թ. տվյալներով, Ամերիաբանկը շարունակում է մնալ առաջատարը հիմնական հաշվեկշռային ցուցանիշների գծով: Այսպես՝ բանկի ընդհանուր կապիտալը հասել է 89.8 մլրդ դրամի (185.6 մլն դոլար՝ 28.4% տարեկան աճով), ակտիվները՝ 779.8 մլրդ դրամի (1.6 մլրդ դոլար՝ 15.1% աճ), վարկային ներդրումների ծավալը՝ 545.8 մլրդ դրամ ($1.1 մլրդ ՝ տարեկան 12% աճով): Ամերիաբանկը կտրուկ ակտիվացել է մանրածախ վարկավորման ոլորտում՝ 102.3 մլրդ դրամ ծավալով ($211.4 մլն՝ տարեկան 65.3% աճով) տեղավորվելով TOP-5-ում: Կորպորատիվ վարկավորման գծով Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը՝ 440.3 մլրդ դրամ (910.2 մլն դոլար՝ 5.7% տարեկան աճով): 2018 թ. Ամերիաբանկն ավարտել է 10.5 մլրդ դրամ ($21.7 մլն) զուտ շահույթով՝ ապահովելով տարեկան 37.3% աճ: Ամերիաբանկի նորմատիվային ընդհանուր կապիտալն այդ ամսաթվի դրությամբ կազմել է 97.8 մլրդ դրամ (202.1 մլն դոլար) ՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 16.3% - ով:
Ամերիաբանկը գործում է հայկական շուկայում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են՝ Ամերիա Գրուպ CY ltd. - 56.6%, ՎԶԵԲ - 17.8%, Ասիական զարգացման բանկ - 13.98%, ESPS Holding Limited- 11.62%: