Արմինֆո.«Պետք է հաճախորդներին հասցնել, որ մենք չենք կարող հետագայում ակնկալել անհուսալի վարկերի գծով տույժ-տուգանքների համաներման ժամկետների երկարաձգում, հակառակ դեպքում` դա սխալ մեսիջ կլինի բնակչությանը՚, - Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
«Չէի ցանկանա, որպեսզի սխալ հաղորդում գնար, թե ծրագիրը կարող է կրկնվել: Ընդհակառակը, անհրաժեշտ է, որ բոլորը հասկանան, որ դա կարող է ընդհանրապես չլինե,լ և դրա հետ հույսեր չկապեն՚, - ընդգծել է նա։
Ս.Սարգսյանի կարծիքով, անհրաժեշտություն կա բնակչությանը պարզաբանելու բանկի դիրքորոշումը վարկը վերականգնելու և սպասարկելու հարցում վարկառուներին աջակցելու պատրաստակամության առումով, և նույնը պահանջել հաճախորդներից:
Ընդ որում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք արժե երկարաձգել համաներումը, Ս.Սարգսյանը ընդգծել է. «Սա բացառապես քաղաքական հարց է: Նախապես անցկացնելով դիտարկում՝ պարզվել է, որ խնդրահարույց վարկերի գծով տույժ-տուգանքների համաներման արդյունքում զգալիորեն հեշտացել է վարկառուների կողմից վարկերի սպասարկման գործընթացը։ Եվ արդյունքում` կառավարությունը փոփոխություններ կատարեց օրենքում և գործարկեց համաներման այդ ծրագիրը։ Այսինքն՝ դա իշխանությունների որոշումն էր, որն արտահայտում է նրանց պատրաստակամությունը։ Հետևաբար, կառավարությունը հետագայում պետք է ինքը որոշի՝ պատրաստ է նորից գնալ նման քայլի, թե ոչ՚։
Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետի խորհրդակցությունը բանկիրների հետ ՝ խնդրահարույց վարկերի գծով տույժերի և տուգանքների զիջումների հարցի գործնական լուծման նպատակով: Նույն օրը ֆիզիկական անձաց անհուսալի վարկերի գծով տույժերի և տուգանքների զրոյացման մասին հայտարարեցին ACBA-Credit Agricole Bank-ը և Ամերիաբանկը, իսկ հաջորդ օրը այդ գործընթացին միացավ IDBank -ը, ապա հուլիսի 4 –ին` ՎՏԲ - Հայաստան Բանկը, հուլիսի 6-ին` Արդշինբանկը, հուլիսի 11-ին` Կոնվերս Բանկը, ավելի ուշ` նա եւ մնացած բանկերը: Այդ ժամանակ բանկերը համաներում կիրառեցին մինչև 31.05.2018 թ. անհուսալի դասակարգված վարկերի տույժ-տուգանքների նկատմամբ, և համաներման հայտերի ներկայացման վերջնաժամկետ հայտարարվեց 2018թ. դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո, 2019թ. հունվարին միայն մեկ բանկ ՝ IDBank-ը, հայտարարեց հայտերի ներկայացման ժամկետը մինչև ս. թ. օգոստոս երկարաձգելու մասին:
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2018թ. տվյալներով, Հայաստանի բանկային համակարգում ժամկետանց վարկերը արագացնում են աճը. դրանց ծավալը 2018 թ. աճել է 19,4%-ով` 2017 թ. չնչին 0,4% աճի դիմաց: Ժամկետանց վարկերի վերընթաց դինամիկայի պատճառով վարկային պորտֆելում NPL-ի մասնաբաժինը 2018 թվականի վերջին աճել է մինչեւ 9,4%՝ 2017 թվականի 8,3%- ի դիմաց: 3.2 տրլն դրամ վարկային պորտֆելում (6.7 մլրդ դոլար, տարեկան 14% աճով) ժամկետանց վարկերին բաժին է ընկնում 306.5 մլրդ դրամ (633.5 մլն դոլար): Դրանց ավելի քան 34% - ը բաժին է ընկնում անհուսալի խմբին, որը մեկ տարի առաջ ժամկետանց վարկերի կառուցվածքում գերիշխում էր (60,2%)։ Անհուսալի վարկերի հիմնական զանգվածը բաժին է ընկել է սպառողական վարկերին (ներառյալ հիփոթեքային)` 34%, առեւտրի ոլորտին` 17%, գյուղատնտեսության հատվածի` 14% եւ արդյունաբերությանը` 8%: Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալում նույնպես գերակշռում են այդ ոլորտները. սպառողական վարկեր (ներառյալ. հիփոթեք)` 32%, առեւտուր` 14%, արդյունաբերություն` 12% եւ գյուղատնտեսական ոլորտ` 11,5%: Այդուհանդերձ, անհուսալի վարկերի գծով տուգանքների/տույժերի համաներման անցյալ տարի մեկնարկած կառավարության նախաձեռնությունը, որն ուղեկցվում էր դրանց վերաֆինանսավորմամբ, թույլ է տվել 2018 թվին ապահովել զուտ շահույթի 79% աճ: