Արմինֆո. Հարցազրույց «“Լոգիկա” գործարար և ֆինանսատնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տ.գ.թ., ԵՊՀ դոցենտ Արա Քառյանի հետ
Մաս 1-ին
Հայաստան ներմուծվող գազի գնի 15 դոլարով թանկացումից հետո հանրության շրջանում ամենաշատ հնչող հարցերից է՝ ինչպես է կառավարությունը սպառողների համար պահպանելու գազի սակագինը
Դրա հետ կապված իշխանությունները հայտարարել են, որ 2019թ. Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում և սուբսիդավորում բյուջեից չի լինելու: Իրավիճակը ներկայում այն է, որ չճշտված տեղեկություններով «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը այս ընթացքում չի դիմել ՀԾԿՀ-ին սակագինը փոխելու համար, որը ենթադրում է երեք կանխավարկած.
ա) «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը իր վրա ստանձնում 15 դոլարի չափով հայաստանյան սպառողների սուբսիդավորումը կամ
բ) «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը չի պատրաստվում նման սուբսիդավորում իրականացնել (և այդ մասին տեղեկացրել կամ տեղեկացնելու է ՀԾԿՀ-ին) կամ
գ) ինչ որ համաձայնություն է ձեռքբերվելու ՀՀ կառավարության և «Գազպրոմ-Արմենիա» ընկերության միջև:
Խնդիրը նրանում է, որ բոլոր նշված դեպքերում էլ Հայաստանում սպառված գազի վճարների դիմաց կուտակվելու է պետական պարտք, հիմնավորումը ստորև: Մյուս կողմից, այլ աղբյուր կառավարությունը չունի և սուբսիդավորում չի պատրաստվում կատարել, առավել ևս 2019 թ. պետական բյուջեում ծախսի նման հոդվածի փոփոխության նախագիծ ԱԺ չի ներկայացրել (հիշեցնում է գազի դիմաց «Գազպրոմին» «Հայռուսգազարդի» 300 մլն. դոլար պարտքի պատմությունը):
Կոնսպիրալոգիայով չզբաղվելու և խնդիրը առարկայական մեկնաբանելու համար անհրաժեշտ է հարցը բաժանել մի քանի բաղադրիչների:
1) Ի՞նչ լծակներ ունի ՀՀ կառավարությունը գազի սակագինը պահպանելու համար:
2) Ինչպիսի՞ կարգավորման ռեժիմ է գործում ուղղակի ներդրող ռուսական մայր ընկերության «Գազպրոմի» և իր արտերկրի դուստր ընկերության «Գազպրոմ-Արմենիա»-ի միջև նրանց առևտրի առարկայի (բնական գազի) գների բարձրացման դեպքում:
3) Ի՞նչ սցենարներ կարող են զարգանալ և ինչ հետևանքների դրանք կարող են հանգեցնել հայաստանյան սպառողի և կառավարության համար:
4) Տվյալ իրավիճակում պետության կարգավորով գործառույթը ինչպիսի՞ գործիքակազմով կարող է լրացվել, որպեսզի ապահովվի նպատակադրումը՝ հայաստանյան սպառողների համար գազի սակագնի մեծության պահպանումը:
Այդ խնդիրների իրականության մեջ պրոյեկցիա անելով կստանանք բոլորին հուզող հարցի պատասխանը:
Այդ դեպքում սկսենք նրանից թե ի՞նչ լծակներ ունի ՀՀ կառավարությունը գազի սակագինը պահպանելու համար
Հարկ է նշել, որ երկրները միջպետական երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ միջազգային միությունների համաձայնագրերով որոշակի չափով և սահմաններում՝ համաձայանգերի ուժով զիջում են իրենց ինքնիշխանությունը, սակայն բոլոր դեպքերում տնտեսական ինքնիշխանությունը մնում է էկզիստենցիալ կամ իրական գոյության պայման:
Գազի առումով Հայաստանի համար ճակատագրական էր, այն որ ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառք և հետագա գործունեություն պայմանագրով Հայաստանը ՌԴ-ին է հանձնել գազամուղները (ներառյալ Իրան-Հյաստան գազամուղը), գազաբաշխիչ ցանցը, գազապահեստարանը, գազ ներկրելու իրավունքը, գազի բաշխման օպերատորի գործառույթը, սակայն դրանով և ոչ մի այլ միջապետական համաձայնագրով Հայաստանը չի զիջել բնական մենաշնորհ ծառայության՝ բնական գազի մատակարարման ոլորտում պետության կարգավորման գործառույթները, ներառյալ՝ ապառողների սուբսիդավորման գործառույթը:
Այստեղ կարելի է հիշել դասականին. Դավիդ Ռիկարդոն ասում էր, որ երջանիկ կլիներ, եթե երկրի ամբողջ սեփականությունը հայտնվեր օտարերկացիների ձեռքում: Բնական գազի մատակարարման դեպքում խնդիրը մի քիչ այլ է, քանի որ գազի ծառայության մատակարարումը բնական մենաշնորհի ոլորտ է և պետությունը պետք է ունենա համարժեք կարգավորման լծակներ: ՀՀ-ում այդ ոլորտի կարգավորումը իրականացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից (ամերիկյան մոդելն է): Մյուս կողմից գազամատակարար օպերատոր կազմակերպության մոտ պետական մասնակցություն բացակայության պայմաններում ՀՀ կառավարությունը ընկերության բարձրագույն մարմինների՝ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի և խորհրդի մակարդակում ազդեցության լծակներ չունի («Հայռուգազարդի» 20 տոկոս վերջին մասնաբաժինը վաճառելուց հետո):
Ի՞սկ արդյոք Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամությունը հնարավորություններ չի տալիս՝ խնդրի բարենպաստ լուծման համար:
Այդ առումով հարկ է նշել, որ ԵԱՏՄ-ի մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրով նախատեսում է, որ նավթի և նավթամթերքի միասնական շուկան սկսելու է գործել մինչև 2025 թ հունվարի 1-ը: 2018 թ. դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ իրականացնել լայնածավալ ծրագիր միասնական գազային և նավթային շուկա ձևավորելու համար: Մինչ այդ անդամ պետությունները առաջնորդվում են կնքված երկկողմ համաձայնագրերով:
Մյուս կողմից արձանագրենք, որ գազի գնի վերաբերյալ Հայաստանի հետ երկկողմ համաձայնության ձեռքբերման խնդիրը ռուսական կողմը իջեցրել է չորս մակարդակով՝ ՌԴ նախագահից, ՌԴ կառավարությունից, ՌԴ պետական «Գազպրոմ» ընկերությունից մինչև ՌԴ «Գազպրոմ-Արմենիա» ընկերություն, որն էլ հանդիսանում է բնական գազի գնորդը: Իսկ դա նշանակում, որ խնդրի քաղաքական հարաբերությունների և հնարավոր լուծումների մակարդակից իջեցվել է տնտեսական հարաբերությունների և լուծումների մակարդակ, քանի որ ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը տնտեսվարող է և գործում է այդ դաշտում սահմանված կանոններով և բնականաբար քաղաքական բնույթի պարտավորություններ չի կարող ստանձնել: Հայկական կողմը հաշվի պետք է նստի այդ իրողության հետ:
Համաձայն պաշտոնական մեկնաբանության սակագնի բարձրացումը չեզոքազցվելու է «Գազպրոմ Արմենիա» կողմից, ի՞նչ է դա նշանակում
Համաձայն ՀՀ պաշտոնական հաղորդագրությունների և հայտարարությունների 2019 թ. սկզբից գազի գնի թանկացումը սպառողների սակագնի համար չեզոքացվելու է ռուսական «Գազպրոմ - Արմենիա» ընկերության կողմից, ի հաշիվ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման: ՀՀ իշխանությունները նաև հայտարարել են, որ ՀՀ կառավարության կողմից սպառողների համար սուբսիդավորման հարցը չի քննարկվել և չի քննարկվում հետևապես հայաստանյան սպառողները սուբսիդավորվելու են ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից, որը նշանակում է ՀՀ տնտեսական ինքնիշխանության չհիմնավորված զիջում: Հարկ է նշել, որ շարունակվում և ընդլայնվում է 2016 թ. անհիմն «Գազպրոմ-Արմենիա»-ի պատվիրակված գազի ծառայություն ստացողների սուբսիդավորման անթույլատրելի պրակտիկան:
Մյուս կարևոր հարցը կապված է նրա հետ, թե ինչպիսի՞ կարգավորման ռեժիմ է գործելու ուղղակի ներդրող ռուսական մայր ընկերության «Գազպրոմի» և իր արտերկրի դուստր ընկերության «Գազպրոմ-Արմենիա»-ի միջև նրանց առևտրի առարկայի (բնական գազի) գների բարձրացման դեպքում:
Տնտեսական ինքնիշխանության առումով հարկ է նշել, որ ժողովրդի կառավարությունը գալով իշխանության պայքարի նպատակ թիրախավորեց տնտեսական ինքնիշխանության խոցերը՝ կոռուպցիան, կլիենտելիզմը՝ բիզնես վարելու հովանավորչությունը (կամ «տանիքների» դեմ պայքարը) և մենաշնորհները: Միևնույն ժամանակ ժողովրդի կառավարության տեսադաշտից դուրս մնաց տնտեսական ինքնիշխանության կարևոր դրսևորումը՝ բնական մենաշնորհ ծառայությունների՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարման ոլորտում պետությունից զավթված բաշխման գործառույթները, այն է՝ ծառայություններ ստացողների սուբսիդավորման չհիմնավորված պատվիրակումները այդ իսկ ոլորտի բիզնես վարողներին: Հարկ ենք համարում շեշտել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ամենալայն քննարկման և ուսումնասիրության առարկա դարձած բնական գազի և էլեկտրաէներգիայի չհիմնավորված բարձր սակագների hարցը մի խնդիր է, իսկ բնական մենաշնորհների ոլորտում պետությունից զավթված՝ սուբսիդավորման գործառույթի հարցը մեկ այլ, չնայած դրանց սերտ կապին:
Պետությունից զավթված (ուզուրպացված) բնական մենաշնորհների ծառայությունների՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարման ոլորտում ծառայություններ ստացողների սուբսիդավորման պատվիրակումը՝ այդ իսկ ոլորտի բիզնես վարողներին և դրա վտանգավորության աստիճանը մինչ օրս տնտեսական պատասխանատուների և հանրության շրջանում մնում է լիարժեք չգնահատված: Առկա իրողությունը առաջացավ վարչապետ Կ. Կարապետյանի կառավարման ժամանակ, երբ 2016 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Գազպրոմ-Արմենիա» և «ՀԷՑ» ընկերություններին, ըստ էության, պատվիրակվեց անապահով որոշ խմբի սպառողներին և բիզնեսի առանձին խմբերին բնական գազի և էլեկտրաէներգիայի արտոնյալ ցածր սակագներով մատակարարումը: Այն տնտեսական բովանդակության առումով նշանակում է բնաիրային տեսքով սուբսիդավորում:
Ընդ որում, նման սուբսիդավորումը այդ ընկերությունները իրականացնում էին ոչ թե իրենց շահույթները նվազեցնելով, այլ մնացած բոլոր սպառողների հաշվին: Իրականում դա պետության կողմից չստացված հարկն է, որն այնուհետև պետք է պետական բյուջեի խողովակով սուբսիդավորվեր նշված շահառուներին, ընդ որում, ոչ թե բնաիրային, այլ դրամական տեսքով: Այդ գործառույթի նման պատվիրակման նպատակն էր՝ հեռու պահել ՀՀ իշխանություններին, այդ թվում՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այդ երկու մենաշնոր ոլորտի օպերատորների գնագոյացման խոհանոցից (պահպանելով իհարկե ֆորմալ կարգավորումը), քանի որ նրանք «ստանձնել են» կեղծ բարեգործական առաքելություն: Իրականում էներգակիրների՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը առանձին շահառուների համար ուղորդված էր կլանային շահերի առանցքով՝ երբ տնտեսական շահերի միջոցով սպասարկվում է իշխանության բարձրագույն օղակի քաղաքական և կարգավորման ներքո գործող մասնավոր ընկերությունների շահերը, որը կոռուպցիայի դասական օրինակ է:
Ինչումն է բնական գազի և էլեկտրաէներգիայի համար տարբերակված սակագների` արտոնյալ և ոչ արտոնյալ սակագների կիրառման խոցելիությունը
Արտոնյալ սակագները, որպես կանոն, կիրառվում են գազ և էներգակիրներ ունեցող զարգացող երկրներում, մեթոդական առումով հանգում է բնաիրային սուբսիդավորման ձևաչափին: Մոտեցումը մերժելի է «հարկային ծախսերի» կառուցակարգի առումով: Հարկը զիջվում է արտոնյալ սակագներով ծառայություն մատուցելու դիմաց, որը քանակապես` ֆիսկալ, տնտեսական և սոցիալական արդյունքների առումով որևէ կերպ գնահատված չէ:
Կառավարությունը սուբսիդավորման կարևոր գործառույթը միջնորդված` տարբերակված սակագների ձևաչափով պատվիրակում է օտարերկրյա առևտրային` բնական մենաշնորհների ոլորտում գործող կազմակերպությունների` «Գազպրոմ Արմենիա»-ին, և ՀԷՑ-ին: Կառավարության լիազորությունների պատվիրակումը մասնավոր կառույցներին, միջազգային պրակտիկայում, ընդունված ձևաչափ է (հատկապես հակակոռուպցիոն լուծումների առումով), սակայն այս դեպքում միաժամանակ առկա են մի քանի ռիսկեր, կապված` ա) պետության ֆինանսական վերաբաշխման անմիջական գործառույթի, բ) բնական մենաշնորհ ոլորտների, գ) ներգրավված սուբյեկտների անմիջական տնտեսական շահը կապված պատվիրակվող գործառույթի հետ, գ) դրա վարչարարության ակնհայտ բարդացման հետ: Ըստ այդմ, կառավարությունը անհիմն կամավոր զիջում է իր ֆինանսական սուվերենությունը օտարերկրյա ընկերություններին: Ի դեպ, դա կարող է խիստ բացասական ազդակ հանդիսանալ օտարերկրյա ներդրողների համար:
Այն մերժելի է նաև բնաիրային սուբսիդավորման ձևաչափի առումով: Անապահով ընտանիքներին և թիրախային տնտեսվարողներին հատկացվող բնաիրային սուբսիդավորող տրանսֆերը դրա հասցեատիրոջը (բացի գազի և էլեկտրաէներգիայի սպառումից) զրկում այն այլ ուղղությամբ ծախսելու է հնարավորությունից կամ «կոնսոլիդացված սուբսիդավորման» ձևաչափից, երբ ստացողի համար առկա է ծախսերի վերաբաշխման հնարավորությունը:
Նման ձևով տնտեսվարողների սուբսիդավորումը կառավարությանը զրկվում է մրցույթային սուբսիդավորման իրականացումից, որը հատկապես նպատահարմար է ՓՄՁ-ի նպատկային սուբսիդավորման դեպքում:
Կառավարության կողմից սուբսիդավորման ոլորտների առաջնահերթությունների և դրանց չափերի փոփոխության որոշման դեպքում նա պետք է խնդրանքով դիմի «Գազպրոմ Արմենիա»-ին, և «ՀԷՑ»-ին որն էլ իր հերթին դիմի ՀԾԿԱ-ին, որպեսզի սահմանվեն տարբերակված նոր սակագներ: Դրա նպատակահարմարությունը մեղմ ասած խելամիտ հիմնավորում չունի:
Տրամաբանորեն կառավարությունը բացի սուբսիդավորման գործառույթի պատվիրակումից, առևտրային կազմակերպություններին՝ «Գազպրոմ Արմենիա»-ին և «ՀԷՑ»-ին ինչ որ չափով պատվիրակել է նաև սուբսիդավորվող կազմակերպությունների վերահսկողության կամ մոնիթորինգի գործառույթը, որն ընդունելի չէ, քանի որ վերջինս անմիջական շահ ունի վերահսկողության բուն խնդրի և հարաբերությունների նկատմամբ:
Մոտեցման վարչարարությունը, ի սկզբանե, օբյեկտիվորեն խճճված ու բարդ է, ելնելով տարբեր կողմերի տարբեր վեկտորների վրա գտնվող շահերից` պետության, բաշխիչ ցանցերի` «Գազպրոմ Արմենիա»-ի, «ՀԷՑ»-ի և գազ ու էլեկտրաէներգիա սպառողների: Խնդիրը հանգում է «Գազպրոմ Արմենիա»-ի և «ՀԷՑ»-ի կողմից արտոնություններից օգտվող և դրանից չօգտվող սպառողների ծախսված գազի քանակի «գեպի» կամ ճեղքվածքի մեծացնելուն, որի արդյունքում արտոնություններից չօգտվող սպառողները ստիպված ավելի շատ են վճարելու:
«Գազպրոմ Արմենիան» և «ՀԷՑ»-ը որպես բիզնես ընկերությունները շահույթը մեծացնելու առումով շահագրգռված է այս պահին և հետագայում կիրառել սակագնային զեղչերի համակարգ` կապված սպառողի կողմից գազի սպառման ծավալների հետ: Մինչդեռ, առևտրային ընկերություն հանդիսացող «Գազպրոմ-Արմենիան» և «ՀԷՑ»-ը մոտիվացիա չունեն տարբերակված սակագին կիրառել կարիքավոր անապահով անձանց, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար: Դա պետության նպատակային քաղաքականության խնդիրներից է:
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ սուբսիդավորման վերը նշված պատվիրակման դեպքում միաժամանակ առկա են մի քանի ռիսկեր, կապված` ա) պետության ֆինանսական վերաբաշխման անմիջական գործառույթի, բ) բնական մենաշնորհ ոլորտների սպասարկման, գ) ներգրավված սուբյեկտների անմիջական տնտեսական շահը՝ պատվիրակվող գործառույթի, դ) մատակարարվող տարբեր խումբ բաժանորդների շահերի հակադրման, ե) գործառույթի վարչարարության ակնհայտ բարդացման հետ:
«Գազպրոմ-Արմենիա»-ի և «ՀԷՑ»-ի կողմից ցածր սակագների կիրառության ռեզերվներից մեկը` պետության գործառույթների մեջ է: Մյուսը` ընկերությունների ֆինանսական ծախսերի օպտիմալացումը ներդրումային ծրագրերի վերանայմանը, բացի ընկերության կառավարման խնդիրը լինելուց միևնույն ժամանակ և առավելապես ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խնդիրն է: Հաջորդը, ընկերության բաժնետեր ռուսական «Գազպրոմ»-ի կողմից ՀՀ-ին բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով ֆինանսավորումը` հիմնադրի պահի դրությամբ բիզնես կամքի դրսևրումն է (նման մեկնաբանութմյամբ է 2016թ հիմնավորվել այդ ակցիան): Այն վաղը կարող է 180 աստիճանով շրջվել, պատճառը էական չէ, և ոչ ոք ռուսական ՌԴ «Գազպրոմ» ընկերությանը կամ «Տաշիր» խմբին չի կարող մեղադրել ինչ որ խախտումներում, քանի որ դա առևտրային ընկերությունների բիզնես որոշման արդյունք է և ոչ պայմանագրային պարտավորության խախտում:
Վերը նշված փաստարկները վկայում են բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառողների համար տարբերակված սակագների` արտոնյալ և ոչ արտոնյալ սակագների կիրառումը խոցելի է, հիմնավորված չէ քանակական գնահատումներով, առաջացնում է բազմաթիվ բարդ և լուծում չունեցող հարցադրումներ, անդրադարձ չի անում երկարաժամկետ խնդիրներին:
Ընդիմախոսների մյուս հիմնական փաստարկը այն է, որ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միություններում գազի և էլեկտրաէներգիայի ակցիզային հարկով հարկումը կիրառվում է միայն այն դեպքում, երբ բոլոր անդամ երկրները կիրառում են դա: Հարկային քաղաքականությունն ու հարկերի հավաքագրումը ԵՄ և ԵՏՄ-ի անդամ պետությունների ինքնիշխանության առանցքային հարցն է, այս ոլորտում անդամ երկրները միայն սահմանափակ լիազորություններ են պատվիրակում միությանը: Ի տարբերություն մաքսային ոլորտի հարկային ոլորտին վերաբերվող փաստաթղթերը հանդիսանում են խորհրդատվական, շրջանակային և հայեցողական: Էներգակիրների հարկերի կիրառման հայեցակարգերը, մոտեցումները, կառուցակարգերը և հատկապես դրույքաչափերը ԵՄ-ի երկրներում խիստ տարբեր են:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ինչի՞ հաշվին է կատարելու սակագնի բարձրացման չեզոքացումը
Այդ հարցի պատասխանը պայմանավորված է երկու բաղադրիչով ա) ինչպիսի՞ կարգավորման ռեժիմ է գործում ուղղակի ներդրող մայր ընկերության «Գազպրոմի» և իր արտերկրի դուստր ընկերության «Գազպրոմ-Արմենիա»-ի միջև նրանց առևտրի առարկայի (բնական գազի) գների բարձրացման դեպքում, բ) ծախսերի խնայողության ինչպիսի ռեզերվներ կան ընկերության մոտ:
Համաձայն Արժույթի միջազգային հիմնադամի «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումների դիրքի 6-րդ հրատարակության ուղեցույցի» (BPM6 Compilation Guide. Companion Document to the sixth edition of the Balance of Payments and International Investment Position Manual) ստանդարտի ուղղակի ներդրող և դուստր փոխկապակցված կազմակերպությունների միջև ապրանքների առքն ու վաճառքը գրանցվում է շուկայական գներով (գազի ներմուծումը) և ընկերության մոտ բարձր գնով գործարքի արդյունքում մեծանալու է շահույթը: Համաձայն նույն ստանդարտի գների միջև տարբերությունը դուստր «Գազպրոմ-Արմենիա» կազմակերպությունը իր հաշվեկշռում պետք է արտացոլի որպես ուղղակի ներդրում: Այդ գումարը արտացոլելով սեփական կապիտալի համապատասխան ենթաբաժնում հաշվետվության հաշվեկշռման առումով ընկերությունը ունի երկու հնարավորություն. նույն գումարի չափով ավելացնել ակտիվները կամ ծախսերը: «Գազպրոմ-Արմենիան» գազի գնի տարբերության հավելյալ գումարը արտացոլելով հաշվեկշռի կապիտալի բաժնում նորմալ բիզնես կանխավարկածի տրամաբանությամբ այն կարտացոլի որպես կապիտալացվող հավելյալ ծախսումներ երկարաժամկետ ներդրումային ակտիվների տեսքով: Նույն բիզնես կանխավարկածի տրամաբանությունը հուշում է, որ ընկերությունը դա չի ցույց տա որպես ընթացիկ ծախսեր, քանի որ լինելով ՀԾԿՀ-ի կարգավորման ներքո, այդօրինակ ծախսերի վերաբերյալ կարող է հակադարձում ստանալ առ այն, որ այդ ծախսերը այնքան էլ հիմնավորված չեն կամ ուռճացված են: Իսկ օրինակ՝ գազապահեստարանի վրա կապիտալացվող ծախսումների անհրաժեշտությունը ուղղակի անհնար կլինի մասնագիտորեն վիճարկել, որն էլ օտարերկրյա ներդրում կհանդիսանա ՀՀ-ում:
Դրա արդյունքում ընկերությունը ՀՀ-ին ի դեմս՝ ՀԾԿՀ-ի պաշտոնապես կհայտնի, որ իր մոտ առաջացել է ճեղքվածք կամ պարտք, որն ըստ միջազգային ստանդարտի ունի բոլոր հիմնավորումները, քանի որ ընկերությունը դրանց համաձայն՝ ավելացրել է ներդրումը սեփական կապիտալում, կատարել է կապիտալացվող բնույթի ծախսումներ, իսկ գազի գնի տարբերության հաշվին հասույթը չի ստացել, գործելով կառավարության հետ ձեռքբերված համաձայնության ներքո, այն է՝ սպառված գազի վճարողների համար գանձումները կատարել գործող չբարձրացված սակագնով: Այս դեպքում էականը վերը նշված ճեղքվացքի կամ պարտքի մեծությունը չէ (նախկինում դա կազմել է 300 մլն դոլար), այլ երևույթն է:
Առաջացած պարտքի պահանջը «Գազպրոմ-Արմենիան» անխուսափելի կներկայացնի ՀԾԿՀ-ին և ՀՀ կառավարությանը, քանի որ ընկերությունը ըստ վերը նշվածի ներդրում է կատարելու ՀՀ-ում: Կառավարությունը, հասկանալի պատճառներով, այս դեպքում ժողովրդին չի կարող հայտարարել, որ գազի գինը բարձրացել է, բայց դա վերածվել է Հայաստանում օտարերկրյա ներդրումի և դրա պատճառով էլ առաջացել է պարտքը:
Հարցի խնդրահարույց առանցքը «Գազպրոմ-Արմենիա»-ի կողմից ընկերության ընթացիկ ծախսերի (ոչ կապիտալացվող ծախսումների) օպտիմալացման ու կրճատման հաշվին գազի գնի բարձրացման տարբերության ծածկումը կամ զրոյացումն է: Դրանք, ըստ էության, կարող են լինել իրական տնտեսվող ծախսեր՝ արդյունավետության բարձրացման և օպտիմալացման հաշվին կամ վերածվեն ներկայումս չկատարվող ու հետաձգվող ծախսերի: Այն դեպքում, երբ ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև ձեռքբերված համաձայնության ներքո գազի գնի պահպանման կամ «զրոյացման խնդիրը» կատարում է ընկերությունը, ապա բիզնես կանխավարկածի տրամաբանության համաձայն (բնական մենաշնորհների կարգավորման տակ գտնվող բիզնեսին ոչ մի դեպքում ձեռնտու չէ հարկման բազայի նվազեցումը): Ընկերությունը դրանք կներկայացնի ծախսերի ժամանակավոր սեղմում և կամ հետաձգում, օրինակ՝ մեկ տարով հետաձգում (որի պրակտիկան նախկինում ՀԾԿՀ-ի կարգավորման տակ գտնվող ըկերությունների համար կիրառվել է), հիմնավորելով, որ ի սկզբանե դրանք անհրաժեշտ ծախսեր են: Ելնելով պայմանավորվածությունից «Գազպրոմ Արմենիան» ժամանակավորապես չի կատարի դրանք, սակայն դրանք չի ներկայացնի որպես օպտիմալացում ու տնտեսում: Ըստ էության, դրանք կդիտվեն հետաձգված (առկախված) ծախսեր:
Հետևապես, «Գազպրոմ-Արմենիա»-ի ծախսերի օպտիմալացումն ու կրճատումը, դրանց արդյունավետության բարձրացումը, ներառյալ դրամական հոսքերի և ներդրումային սցենարի պրոեկցիան անաչառ պետք է հիմնավորվի ՀԾԿՀ-ի ու մեծ հաշվով ՀՀ կառավարության կողմից, որի դեպքում բիզնես կանխավարկածի տրամաբանությունը կհատվի իշխանությունների ու կարգավորող մարմնի տրամաբանության կանխավարկածի հետ, և ի հայտ կբերվեն արդյունավետության ու օպտիմալացման հաշվին տնտեսվող ծախսերը: Այսպիսով, եթե «Գազպրոմ-Արմենիա»-ի ծախսերի օպտիմալացման ու կրճատման խնդիրը վերածվի ծախսերի ժամանակավոր հետաձգմանը, ապա դա ըստ էության կնշանակի պարտքի կուտակում, որը հետո պետք է վճարեն սպառողները կամ պետությունը (գույք պարտքի դիմաց՝ սցենարը հիշում ենք):
Ելնելով վերը նշվածից, հարկ է արձանագրել, որ «Գազպրոմ»-ի կողմից գազի գնի բարձրացման իրողությունից ելնելով վարչապետ Փաշինյանի կառավարությանը սպառնում է.
1) սպառված գազի վճարների դիմաց գազի գնի բարձրացման չափին հավասար պետական պարտքի կուտակում կամ
2) ըստ պաշտոնական շրջանառվող վարկածի հայաստանյան սպառողների սպառված գազի դիմաց ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից իրականացվող սուբսիդավորում, որը ևս հավասարազոր նույն սպառնալիքին, քանի որ ընկերության մոտ միևնույնն է առկա է լինելու ֆինասական ճեղքվածքը և պարտքի պահանջը ներկայացվելու է (մեկնաբանվեց վերը):
Հետևապես հարկ ենք համարում շեշտել, առաջին տարբերակի կանխումը երկրորդ տարբերակի միջոցով ծուղակ և ինքնախաբեություն է, քանի որ կարգավորման լծակները «Գազպրոմ Արմենիա»-ին հանձնելուց հետո միևնույնն է պետական պարտքի կուտակման վտանգը մշտապես առկախված է: Երկրորդ տարբերակը նաև նման է դանդաղ գործողության ականի, որը միևնույնն է պայթելու է, մնում է ընտրել ճայթիչը (կամ դետոնատորը) սեղմելու պահը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այն գործի կդրվի ժողովրդի իշխանությանը գահավիժեցնելու հարմար ընտրված պահին կամ այն ավելի «լսող» դարձնելու համար: Ուստի առաջնահերթ պահանջվում է ականազերծել իշխանության տակ դրվող ականները: