Արմինֆո.Հայկական դիվանագիտության առջեւ այսօր դրված է Թեհրանի եւ Թբիլիսիի հետ արդյունավետ երկխոսություն կառուցելու բավականին բարդ խնդիր: Եվ դա` հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ համակարգի ռուսաստանյան սեփականատիրոջ շահերը և չհրահրելով ԱՄՆ-ի դժգոհությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը։
Փետրվարի 27-28-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան այցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն էր հայտնել ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ «էլեկտրականություն գազի դիմաց՚ բարտերն ընդլայնելու նպատակով: Նա նաեւ պատրաստակամություն էր հայտնել քննարկել եռակողմ համագործակցությունը` Հայաստանի տարածքով տարանցմամբ Վրաստան գազի արտահանման համար: Էներգետիկայի ոլորտում համագործակցության մասով կողմերը քննարկել են Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի, Պարսից ծոցից դեպի Սեւ ծով տրանսպորտային-լոգիստիկ միջանցքի հնարավորությունները:
«Մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, հաստատեց Իրանից գազի մատակարարումներն ավելացնելու մտադրությունը։ Նա նաեւ հայտարարեց, որ իր արտաքին քաղաքական ողջ բազմավեկտորությամբ հանդերձ Երեւանը ամեն ինչ քննարկում է գործընկերների հետ, ձգտելով, որպեսզի հայկական օրակարգը թափանցիկ լինի նրանց համար։ Եվ, հաշվի առնելով, որ Հայաստանի համար առաջնահերթություն են մնում բազմամակարդակ կապերը Ռուսաստանի, մերձավոր հարեւանների հետ, ինչը կիսշրջափակված երկրի համար հատկապես կարեւոր է, դրա հետ միանգամայն կարելի է համաձայնել՚, - ընդգծել է փորձագետը։
Արեշեւի գնահատմամբ՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման ճանապարհին կա լուրջ խնդիր՝ Իրանի քաղաքական եւ տնտեսական առավելագույն մեկուսացման եւ իրանական էներգակիրները եվրոպական շուկաներից անջատելու ԱՄՆ գլխավոր գիծը։ Եվ, հաշվի առնելով Վրաստանի հետ ԱՄՆ գործընկերությունը, որին պարբերաբար զոհաբերվել են վրաց-իրանական մերձեցման բոլոր փորձերը, ԱՄՆ-ը հազիվ թե որեւէ բանի առջեւ կանգ առնի նաեւ Հայաստանի մասնակցությամբ նախագծերի դեպքում։
Արձանագրելով, որ Հայաստանի կողմից իրանական գազի ներմուծումը դեռևս չի ենթարկվում ամերիկյան պատժամիջոցների, փորձագետը նշել է Իրանի մասնակցությամբ ցանկացած բազմակողմանի էներգետիկ նախագծի ԱՄՆ կոշտ հակազդեցությնա հնարավորությունը ընթացիկ տնտեսական քաղաքականության մեջ հաշվի առնելու անհրաժեշտույթունը: Նման ճնշումը, նրա կանխատեսմամբ, կարող է դրսևորվել ոչ միայն տնտեսական հարցերում, ընդհուպ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
Ընդ որում, փորձագետի գնահատմամբ, պետք է խոստովանել, որ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից՚ հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր շեշտադրումները, ներառյալ առկա խնդիրների անկեղծ քննարկումը, միանգամայն ի զորու են լրացուցիչ խթան հաղորդել տարածաշրջանում էներգետիկ համագործակցությանը:
«Այսպես, վերջին 10 տարիներին հայ-իրանական գազատարն օգտագործվել է իր հնարավորությունների մեկ երրորդի չափով։ Սակայն այժմ Իրանում խոսակցություններ են գնում այն մասին, որ արդիականացումից հետո գազատարը կարող է
մղել Հայաստանին անհրաժեշտ ողջ ծավալը։ Առավել հավանական են թվում, այսպես կոչված, Իրանից Հայաստան գազի սվոփային մատակարարումները։ Իսկ ավելի վաղ Հայաստան մատակարարվող ռուսական գազը կմնա Վրաստանում։ Այսպիսով, Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ գործարկումն, իր հերթին, թույլ կտա ավելացնել երկու երկրների միջեւ էներգառեսուրսների բարտերի ծավալները «գազ էլեկտրաէներգիայի դիմաց՚ սխեմայով՚, - ամփոփել է Արեշեւը: