Արմինֆո. ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, եթե հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունը 500 հազար դրամ կամ ավելի է լինում, պարտավորությունների գանձման որոշումն անհապաղ չկատարելը, ներկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համարում է բավարար հիմք ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, հետևաբար կիրառում է արգելանք հարկ վճարողի գույքի վրա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նման վարչարարությունն առաջացնում է հարկ վճարողների դժգոհությունը՝ հաշվի առնելով, որ հարկային պարտավորություններն անհապաղ չկատարելը հաճախ պայմանավորված է անհրաժեշտ միջոցների բացակայությամբ և նրանք այդ պարագայում գույք թաքցնելու, փչացնելու կամ սպառելու մտադրություն չեն ունենում: Խնդիրը կարգավորելու նպատակով ՊԵԿ-ը 10 երկրների օրինակով ուսումնասիրել է արգելադրման գործընթացի միջազգային փորձը:
Հարկ վճարողների համար պարտավորությունների վճարման առավել բարենպաստ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ ՊԵԿ-ը փոխում է արգելադրման գործընթացում իրականացվող վարչարարությունը` առաջարկելով հարկ վճարողներին յուրաքանչյուր դեպքում ներկայացնել իրենց համար բարենպաստ փաստերը: Արգելադրման գործընթաց չի իրականացվի, եթե պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո, ողջամիտ ժամկետում վերջիններիս կողմից ներկայացվեն բավարար ապացույցներ՝ հարկային պարտավորությունների վճարման անհնարինության վերաբերյալ: Նման ապացույցներ կարող են համարվել դեբիտորների կողմից պարտավորությունները սահմանված կարգով չկատարելը հավաստող ապացույցները, ինչպես նաև հարկային պարտավորությունների վճարման անհնարինությունը հավաստող այլ հանգամանքներ ու փաստաթղթեր:
Միաժամանակ, միջազգային փորձի հիման վրա կներկայացվի օրենսդրական փոփոխությունների առաջարկ, որով կհստակեցվեն արգելանքի կիրառման կանոններն՝ առանց գործող շեմը նվազեցնելու:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |