Չորեքշաբթի, 20 Մայիսի 2020 16:46
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Իրանն  առեւտրատնտեսական համագործակցության տեմպերի վերականգնման ուղիներ են որոնում

Հայաստանն ու Իրանն  առեւտրատնտեսական համագործակցության տեմպերի վերականգնման ուղիներ են որոնում

Արմինֆո. Մայիսի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումի հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին   հաղորդեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Հայաստանի դեսպանը ներկայացրել է Հայաստան-Իրան երկկողմ առևտրի ներկա վիճակը և գոհունակություն է հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում երկու երկրների միջև հաստատված համագործակցության կապակցությամբ:

 

Դեսպան Թումանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ կապված երկկողմ առևտրի ակտիվացման անհրաժեշտության հետ, այդ թվում նաև՝ ապրանքափոխանակության տարբեր սխեմաների կիրառման միջոցով:

 

Համիդ Զադբումն իր ղեկավարած կազմակերպության անունից պատրաստակամություն հայտնեց խթանել Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդումը, նշելով, որ կիրականացվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նախահամաճարակային տնտեսական ցուցանիշների վերականգնման համար:

 

Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել ՀՀ և ԻԻՀ պետական համապատասխան մարմինների միջև հաստատել արդյունավետ հաղորդակցություն, այդ թվում նաև՝ պարբերաբար կազմակերպվող տեսակոնֆերանսների միջոցով:

 

Նշենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2019 թվականին կազմել է 408.8 մլն դոլար՝ 12.4% տարեկան աճով: Արտահանման մասնաբաժինը կազմել է 83.9 մլն դոլար՝  11% անկում, իսկ ներմուծումը՝ 324.9 մլն դոլար՝ 20.6% աճ։