15:20
 Հինգշաբթի, 11 Մարտի 2021 15:20
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանում աշխատանքի միջին արտադրողականությունը ժամում մոտ 6 դոլար է

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանում աշխատանքի միջին արտադրողականությունը ժամում մոտ 6 դոլար է

Արմինֆո. Տարեկան հաշվետվություններ և զարգացման ծրագրեր կազմելիս գործարրա հատվածը պետք է հաշվի առնի աշխատանքի արտադրողականության բաղադրիչը։

Այդ մասին մարտի 11-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը զիջում է ոչ միայն զարգացած, այլեւ զարգացող շատ երկրների ցուցանիշին։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտություն կա բարձրացնել տնտեսվարողների իրազեկումը աշխատանքի արտադրողականության և այդ ցուցանիշի բարելավման մեթոդների մասին։

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ եթե Հայաստանում 1 մարդու 1 ժամվա միջին արտադրողականությունը մոտ 6 դոլար է, ապա ԵԱՏՄ երկրներում միջինը դրանից կրկնակի ավելի է: «Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ծրագրեր է մշակում, որենք առաջիկում կներկայացվեն: Դրանք վերաբերում են մեծ և միջին ընկերություններին արտադրողականության աճի գործում օգնելու հարցին, նախատեսվում է խորհրդատվական, տեխնոլոգիական աջակցություն»,-նշել է էկոնոմիկայի նախարարը:

 

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ միջինացված Հայաստանում 1 մարդու 1 ժամվա արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ երկրներում՝ 11 դոլար է, աշխարհի զարգացած երկրների պարագայում 43 դոլար է. «Իհարկե, երկրներ կան, որտեղ աշխատանքի արտադրողականությունը 100 դոլարն անցնում է: Եվ այստեղ կարծում եմ՝ թվային, մաթեմատիկական ձևով մեր խնդիրները, պրոբլեմներն ի հայտ են գալիս: Եվ շատ կարևոր է, պարոն Քերոբյան, որ այդ ծրագիրը հաջող իրականացվի: Դրանով մենք էականորեն կօգնենք և՛ տնտեսությանը, և՛ պետությանը, և՛ գործարարներին»: