Երեքշաբթի, 2 Նոյեմբերի 2021 11:33
Նաիրա Բադալյան

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկային բեռի ավելացման թեմային կառավարությունը կվերադառնա 2022 թվականին

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկային բեռի ավելացման թեմային կառավարությունը կվերադառնա 2022 թվականին

Արմինֆո.Հայաստանի պետական բյուջեն շրջանառության հարկից հրաժարվելու մասով հարկային քաղաքականության փոփոխություն չի նախատեսում։ Այս մասին նոյեմբերի 2-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հաղորդել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ 2022 թվականի պետական բյուջեի նախնական լսումների ժամանակ։

 

Նրա խոսքով, այս փուլում կառավարությունը պատրաստ չէ բովանդակային խոսակցություն վարել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) չհարկվող շեմը նվազեցնելու (2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը վերադարձել է չհարկվող տարեկան շրջանառությանը մինչեւ 115 մլն դրամ-խմբ.) կամ շրջանառության հարկի վերացման թեմայով, ուստի նախատեսված չեն որեւէ լրացուցիչ հարկային մուտքեր գանձարան՝ այդ փոփոխությունների արդյունքում:  "Մենք նախատեսում ենք թեմային շատ մանրամասն անդրադառնալ 2022 թվականի ընթացքում", - հայտարարել է նա:

 

Ընդ որում, ինչպես նշել է Խաչատրյանը, հարկային օրենսգրքի հնարավոր փոփոխությունները կարող են վերաբերել ագրոոլորտի, այլընտրանքային համակարգերի և միկրոձեռնարկատիրության հարկմանը: Ֆինանսների նախարարը նշել է, որ այսօր նույն գործունեությամբ զբաղվող երկու բիզնեսներ անհավասար վիճակում են հայտնվում. փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը վճարում է շրջանառության հարկ, խոշոր բիզնեսը՝ եկամտահարկ եւ ԱԱՀ: Արդյունքում՝ արդյունավետ հարկը, որը վճարում են ՓՄՁ - ները, կազմում է 3-4 տոկոս,իսկ խոշոր բիզնեսը վճարում է 2-2, 5 անգամ ավել՝ 10 տոկոս։

 

Ինչպես նշել է Խաչատրյանը, եթե Ֆինանսների նախարարության ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ շրջանառության հարկը ստեղծել է խիստ անհավասար, արտոնյալ պայմաններ փոքր բիզնեսի համար, դրա դրույքաչափը կամ շեմը կարող է վերանայվել: Այդ միջոցառումները, ինչպես նշել է նախարարը, հաշվի են առնվել կառավարության 2021-2026 թվականների ծրագրում, դրանք կմշակվեն եւ կներկայացվեն խորհրդարանի դատին՝ հաջորդ տարի:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆոն հաղորդել էր, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ հրաժարվել շրջանառության հարկից եւ անցնել հարկման ընդհանուր համակարգի: Զուգահեռաբար, օրենսդիրն առաջարկել է սահմանել ԱԱՀ-ի դրույքաչափի տարբեր միջակայք (0%, 5%, 10%, 20%): Կառավարությունը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, առաջարկել է նաեւ 2022 թվականի հունվարի 1-ից սկսել ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրում: Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած Տնտեսական քաղաքականության հայեցակարգում: