
Արմինֆո. Մայիսից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում աճել են հավի մսի, շաքարի, ալյուրի գները, մինչդեռ, որոշ նվազում է դիտվում կարագի և ձեթի շուկայում։ Այդ մասին դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։
Համեմատության համար ընտրելով մայիսի 27-ից մինչեւ դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածը ՝ հանձնաժողովի նախագահը պատմել է, որ հավի մսի շուկայում գները տատանվել են 1320-1450 դրամի սահմաններում։ Իսկ հիմա, ըստ Գևորգյանի, որոշակի բարձրացում է դիտվում։ "Շուկայում առկա խնդիրները մնում են չլուծված, նույնիսկ քվոտաների կիրառումը չի օգնել", - ասել է նա, նշելով, որ 1 կգ հավի մսի գինը մայիսի 1490 դրամից աճել է մինչև 1510՝ դեկտեմբերին։
Բարձր գները, ըստ Գևորգյանի, պահպանվում են նաև շաքարի շուկայում։ Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ մայիսին 1 կգ շաքարի գինը 390 դրամ էր, դեկտեմբերին այն կազմել է 400 դրամ։ Հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը շաքար չի արտադրել ՝ հումքի ներկրմանն առնչվող խնդիրների պատճառով:
Ալյուրը նույնպես այս ընթացքում թանկացել է 20 դրամով՝ 1 կգ դիմաց։
Դրա հետ մեկտեղ նա պատմել է, որ իրավիճակը սկսել է կայունանալ կարագի շուկայում՝ 1 կգ արժեքը 4 420 դրամից նվազել է մինչեւ 4 385 դրամ: Անդրադառնալով բուսական յուղի գնին՝ ՄՊՀ ղեկավարը գնաճը պայմանավորել է եգիպտացորենի շուկայի ճգնաժամով։ Ընթացիկ տարվա մայիսից այդ արտադրանքի գները նվազել են 20%-ով։
Դրա հետ մեկտեղ հանձնաժողովի ղեկավարը հույս է հայտնել, որ հավկիթի շուկայում չարժե նախատոնական "անոմալիաներ" ակնկալել: "Երբ շուկայում կա ավելցուկ, պետք է մտածել, թե ինչպես կարգավորել իրավիճակը: Այլ ոչ թե դրա պատճառով գնալ դեմպինգի, այսինքն, ստեղծել շուկայական իրավիճակ, որը հետո հանգեցնի գների բարձրացման։ Մենք հանդիպել ենք գործարարների, թռչնաֆաբրիկաների ղեկավարների հետ, և նրանք հավաստիացրել են, որ անակնկալներ չեն լինելու", - ասել է Գևորգյանը ։