Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2022 13:32
Նաիրա Բադալյան

Կառավարությունը բոլոր կենսաթոշակառուներին երաշխավորում է կենսաթոշակի առնվազն 3 հազար դրամով բարձրացում

Կառավարությունը բոլոր կենսաթոշակառուներին երաշխավորում է կենսաթոշակի առնվազն 3 հազար դրամով բարձրացում

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման հարցին: «Դուք գիտեք, որ կառավարության նախորդ նիստերից մեկում որոշում ենք կայացրել կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ:

Մեր նպատակադրումն այս փուլում թոշակներն առնվազն 3 000 դրամով ավելացնելն էր: Սակայն պարզվել է, որ թոշակառուների 97,5 տոկոսի թոշակն է սեպտեմբերի 1-ից բարձրանում առնվազն 3 000 դրամով, 6 400 թոշակառուի թոշակը գործող բանաձևով բարձրանում է 2 500 դրամով, իսկ 5300-ինը՝ 1 900 դրամով: Մենք քննարկում ունեցանք և գտնում ենք, որ ճիշտ են այդ դիտարկումները, մանավանդ մեր հայտարարությունների ֆոնին, և հարկ համարեցինք, որ 2500 և 5300 մեր սիրելի թոշակառուների համար լրացուցիչ որոշում կայացնել, որպեսզի սեպտեմբերի 1-ից, ինչպես խոստացել էինք, բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով»,- ասել է վարչապետը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, իր հերթին, նշել է, թե՝ որպեսզի խնդրին ավելի ինստիտուցիոնալ լուծում տրվի, և օրենքով սահմանված հաշվարկման բանաձևով նման թյուրընկալումների առիթ չհանդիսանա, քննարկումների արդյունքում որոշվել է նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու նախագիծ մշակել: Այն նախատեսվում է սահմանել 31 600 դրամ, որը կերաշխավորի բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակի առնվազն 3000 դրամով բարձրացումը:

 

Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանն ուղղված կառավարության քայլերին, այդ թվում անկանխիկ առևտրի դեպքում կեսնաթոշակի 10 տոկոսի հետվճարի միջոցառմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց նպատակադրումն այն է, որ պարենային զամբյուղի արժեքից ցածր թոշակ չլինի Հայաստանում: