
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Նախարարության հաղորդագրության համաձայն, նախագծով նախատեսվում է սահմանափակել որոշ տեսակի ալկոհոլային խմիչքների գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով։
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջ ապրելակերպին միտված պետական քաղաքականությունը, և այս համատեքստում կարևորել ալկոհոլային խմիչքների արտաքին գովազդի սահմանափակումների կիրառումը։
Աժ պատգամավոր Նարեկ Բաբայանը ներկայացրել է օրենքի փոփոխության անհրաժեշտությունն ու համառոտ անդրադարձել այս ոլորտում միջազգային փորձին։
Այնուհետև պետություն-մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել նախագիծը գործարար միջավայրին և վերջինիս վերաբերյալ ստանալ մասնավոր հատվածի դիրքորոշումը։