Ուրբաթ, 21 Ապրիլի 2023 16:04
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. Մենք ոչ մի կերպ չենք փորձում աջակցել ՌԴ-ին՝ շրջանցել պատժամիջոցները

Վահան Քերոբյան. Մենք ոչ մի կերպ չենք փորձում աջակցել ՌԴ-ին՝ շրջանցել պատժամիջոցները

Արմինֆո.Մենք ոչ մի կերպ չենք փորձում աջակցել ՌԴ-ին պատժամիջոցների շրջանցման հարցում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Ընդ որում, նա ընդգծել է, որ արտասահմանյան տարբեր ԶԼՄ-ներում այն բազմաթիվ հրապարակումների առիթը, թե ՌԴ-ն շրջանցում է պատժամիջոցները՝ նաեւ Հայաստանի շնորհիվ, ըստ նախարարի, այն է, որ ՀՀ-ն և ՌԴ-ն գտնվում են նույն տնտեսական և մաքսային գոտում:

 

Նա ընդգծել է, որ նախարարությունն աշխատում է, որպեսզի, մի կողմից, պահպանվեն ԵԱՏՄ պայմանագրերի դրույթները, բայց, միաժամանակ, հայկական ընկերություններին զերծ պահի երկրորդային պատժամիջոցներից:

 

Միաժամանակ, նա չի բացառել, որ երկրորդային պատժամիջոցները կարող են վերաբերել Հայաստանին, նշելով, որ արդեն մի քանի ընկերություններ հայտնվել են Արևմուտքի պատժամիջոցների ցանկում։ Քերոբյանը, սակայն, հավաստիացրել է, որ իր գործիքակազմով նախարարությունն անում է հնարավորը ՝ հայկական բիզնեսը սահմանափակող միջոցներից զերծ պահելու, բայց, միաժամանակ, երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար: "Մենք փորձում ենք դա պատշաճ կերպով բացատրել մեր ամերիկացի եւ եվրոպացի գործընկերներին", - ասել է նախարարը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նախարարությունը լսում է արևմտյան գործընկերներին, որպեսզի չհայտնվի ռիսկային գոտում։

 

< Այսինքն, մեր կատարած աշխատանքը տալիս է իր արդյունքները։ Մի կողմից՝ մենք ունենք բարձր տնտեսական աճ, մյուս կողմից՝ մեր տնտեսական և բանկային համակարգերը պատժամիջոցների չեն ենթարկվել>, - ասել է Վահան Քերոբյանը։ Այդ կապակցությամբ նա նշել է, որ նման հավասարակշռություն ապահովելու ուղղությամբ բավականին մեծ թիմ է աշխատում։

 

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Միացյալ Նահանգների կառավարությունը կոչ էր արել ընկերություններին պարտավորվել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Ուկրաինա Մոսկվայի ներխուժելուց հետո։ ԱՄՆ-ը զգուշացնում է, որ հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել հնարավոր դատական հետապնդումների կամ հարկադրանքի միջոցների: ԱՄՆ արդարադատության, առեւտրի եւ գանձապետարանի նախարարությունների համատեղ ծանուցման մեջ ասվում է, որ "բոլոր տեսակի ընկերությունները պետք է պատասխանատու գործեն՝ խիստ վերահսկողություն իրականացնելով  պահանջների պահպանման նկատմամբ": Գերատեսչությունում հայտարարել են, որ "չարագործները շարունակում են փորձել շրջանցել Ռուսաստանին առնչվող պատժամիջոցները եւ արտահանման վերահսկողությունը", այդ թվում ՝ երրորդ կողմերի միջնորդությամբ: Ուղեցույցում հիշատակվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը, որոնք օգտագործվել են որպես "փոխադրման կետեր" ՝ "արգելված ապրանքների դեպի Ռուսաստան կամ Բելառուս անօրինական վերահասցեավորման համար"։