Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023 18:54
Ալինա Հովհաննիսյան

Պետությունը մտադիր է ԳԱԱ ինստիտուտներից մեկի տարածքը հատկացնել նանոտեխնոլոգիաների ոլորտի ամերիկահայ գիտնականների գործունեության համար

Պետությունը մտադիր է ԳԱԱ ինստիտուտներից մեկի տարածքը հատկացնել նանոտեխնոլոգիաների ոլորտի ամերիկահայ գիտնականների գործունեության համար

Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է հարթակ տրամադրել ԱՄՆ-ից ժամանած հայ գիտնականներին, որոնք գործունեություն են ծավալում նանոտեխնոլոգիաների, ավելի ճիշտ, նանոմասնիկների ոլորտում: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հաղորդել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝  պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

 

Չնշելով ընկերության անվանումը՝ նախարարը պատմել է ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին, որոնց արդյունքում որոշում է կայացվել տրամադրել ավելի լայն տարածք ՝ մեր երկրում իրենց գործունեությունը ծավալելու համար:

 

Խաչատրյանը հաղորդել է, որ նախարարության կողմից նախագիծ է ներկայացվել ԳԱԱ ինստիտուտներից մեկի չօգտագործվող տարածքն անհատույց այդ ընկերությանը տրամադրելու վերաբերյալ: Այս փուլում, ինչպես նշել է նախարարը, նախագիծն անցնում է տեխնիկական գնահատում, որից հետո կներկայացվի համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի նիստի քննարկմանը:

 

Ինչպես նշվել է հարցուպատասխանի ընթացքում, ամերիկահայ գիտնականների գյուտերը կարող են կիրառվել արդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի և այլ ոլորտներում: