Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023 16:17
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. Հայաստանում առաջին 3 զբոսաշրջային կլաստերները կստեղծվեն Արենիում, Գյումրիում և Դիլիջանում

Վահան Քերոբյան. Հայաստանում առաջին 3 զբոսաշրջային կլաստերները կստեղծվեն Արենիում, Գյումրիում և Դիլիջանում

Արմինֆո. Սեպտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, իր ելույթի ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է ՀՀ-ում 2023 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում գրանցված զբոսաշրջիկների թվի զգալի աճը, որը շուրջ 30%-ով ավել է 2019 թ. ցուցանիշներից և կազմում է մոտ 1,6 մլն մարդ:

 

Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկա 10 տարում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստերներ, որոնցից առաջին երեքը՝ Արենիում, Գյումրիում, Դիլիջանում: Այս տարի ոլորտի զարգացման խթանման համար կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել։

 

Ֆորումի շրջանակներում կայացել է նաև նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր տնօրեն Նատալյա Բայոնայի և Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ալլեսանդրա Պրիյանտեի հետ։

 

Նշենք, որ համաժողովն անցկացվել է Երևանում սեպտեմբերի 6-8-ը փակ ձևաչափով ՝ հրավիրված հյուրերի մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, մասնակիցների թիվը հասել է 150-ի: Բացի այդ, համաժողովին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված 15 դեսպանությունների ներկայացուցիչներ:

 

Համաժողովի շրջանակներում մասնակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտի ներդրումային հնարավորություններն աշխարհում, կորոնավիրուսի համավարակից հետո ոլորտի փոփոխությունները, որի ազդեցությունն առավել զգացել է հենց զբոսաշրջությունը, ելույթ են ունեցել բանախոսներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն: Հատուկ ուշադրություն է դարձվել զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժին:

Բացի այդ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ֆորումի հյուրերի համար նախապատրաստվել էին շրջայցեր Երևանում և Հայաստանում։