
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 17-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման շուրջ համաձայնագրի նախագծին:
Փաստաթղթին կից պարզաբանման համաձայն, "Եվրասիական տնտեսական միության մասին" համաձայնագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է մայիսի 25-ին Մոսկվայում: Արձանագրությունը սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համագործակցության համատեղ նախագծերի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ձևավորման կարգը և այդպիսի նախագծերի ընտրության և իրականացման կարգը, ինչպես նաև՝ Եվրասիական միջկառավարական և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդների որոշումներով ֆինանսական աջակցության ձևաչափը:
Նախագծով նախատեսված փոփոխությունների նպատակը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցության նոր գործիքի ստեղծումն է:
"Իրական հատվածում համագործակցության ֆինանսավորման նոր մեխանիզմը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական հատվածի հետագա տեխնոլոգիական զարգացմանը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին ՝ ապահովելով փոքր տնտեսությունների մասնակցությունը բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակմանն ու կիրառմանը", - ասվում է նախագծում: Համատեղ նախագծերը կֆինանսավորվեն ԵԱՏՄ բյուջեից։