
ArmInfo. Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։
«Ցորենի մատակարարումը Հայաստան հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում, ինչը նպաստում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը և տնտեսական համագործակցության խթանմանը՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:
Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ–ից ձեռք բերված ցորենը», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ռուսական ցորենի առաջին խմբաքանակը, որը երկաթուղով բերվել է Ադրբեջանի տարածքով, նոյեմբերի 6-ին հասել է Հայաստան: Մոտ 1000 տոննա ընդհանուր զանգվածով 15 վագոնների շարժակազմը հատել է Վրաստանի սահմանը և ժամանել Հարավկովկասյան երկաթուղու "Այրում" կայարան: Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում Ադրբեջանի տարածքով Հայաստան կարտահանի ևս 132 վագոն հացահատիկ:
Sputnik Արմենիայի տվյալներով՝ երկու խմբաքանակները՝ և ռուսականը, և ղազախականը (յուրաքանչյուրը մոտ 1000 տոննա ընդհանուր ծավալով), պատկանում են գործարար Սամվել Ալեքսանյանին։