Ուրբաթ, 20 Մարտի 2026 14:21
Նաիրա Բադալյան

Երեւանում Մհեր Գրիգորյանի և Մարթա Կոսի ներկայությամբ ստորագրվել է «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը

Երեւանում Մհեր Գրիգորյանի և Մարթա Կոսի ներկայությամբ ստորագրվել է «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը

Արմինֆո. ՀՀ Կառավարությունում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ

բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, համաձայնագրով Եվրոպական միության կողմից Հայաստանին 2026-2028թթ. համար կտրամադրվի ընդհանուր 143 մլն եվրո աջակցություն, որից 90 մլն եվրոն՝ բյուջետային աջակցության դրամաշնորհի, իսկ 53 մլն եվրոն՝ տեխնիկական աջակցության տեսքով:

 

Բյուջետային աջակցության ուղղությունները ներառում են հանրային ֆինանսների կառավարումը և ներքին վերահսկողությունը, արտահանման դիվերսիֆիկացիան, վիզաների ազատականացման երկխոսությունը և իրավունքի գերակայությունը, զբաղվածությունը, հմտությունները, սոցիալական ներառումը:

 

Համաձայնագիրը բխում է Բրյուսելում 2024թ. ապրիլի 5-ին կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպման ընթացքում ԵՄ կողմից հայտարարված՝ Հայաստանի համար Դիմակայունության և աճի պլանի՝ 270 մլն եվրո ընդհանուր արժողությամբ փաթեթից և կոչված է աջակցելու նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին:

 

Հիշեցնենք, որ  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը ՀՀ կառավարության հավանությանն էր արժանացել է մարտի 12-ին։ Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, 2025թ. հուլիսին Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ հաստատվել է Հայաստանի համար Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 ֆինանսական տարիների (2026-2028թթ. օրացույցային տարիների) համար նախատեսված ԵՄ ֆինանսական աջակցության 143 մլն եվրո ընդհանուր արժողությամբ բազմամյա գործողությունների ծրագիրը, որը բաղկացած է երկու՝ բյուջետային աջակցության և տեխնիկական աջակցության բաղադրիչներից՝ համապատասխանաբար 90 մլն եվրո և 53 մլն եվրո արժողությամբ:

 

Բյուջետային աջակցության ուղղություններն են. հանրային ֆինանսների կառավարում և ներքին վերահսկողություն, արտահանման դիվերսիֆիկացիա, վիզաների ազատականացման երկխոսություն և իրավունքի գերակայություն, զբաղվածություն, հմտություններ և սոցիալական ներառում:

 

«Բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանը հանձնառություն է ստանձնել իրականացնելու 34 միջոցառումներ, այդ թվում՝ գնումների թվային համակարգի բարելավում, որակի ենթակառուցվածքների զարգացում, նույնականացման կենսաչափական համակարգի ներդրում, առողջության համընդհանուր ապահովագրության ու Ղարաբաղի փախստականների բնակարանային ապահովության ծրագրի շարունակական իրականացում», - ասվում է փաստաթղթում։

 

Բյուջետային աջակցության ներքո 2025-2027 ֆինանսական տարիներին (2026-2028թթ. օրացույցային տարիներին) ԵՄ-ն նախատեսվում է յուրաքանչյուր տարվա համար մեկ վճարում՝ 3 տարվա համար ընդհանուր 90 մլն եվրոյի չափով: Ինչ վերաբերում է տեխնիկական աջակցությանը, ապա ԵՄ-ն նույն ժամանակահատվածի համար նախատեսում է տրամադրել  53 մլն եվրո: Վերը նշված դրամաշնորհային միջոցների ստացումը կախված է լինելու սահմանված թիրախների՝ նախանշված ժամկետում կատարումից:

 

Նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ստանձնած պարտավորություններից, համաձայն որոնց «Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա»։

 

Համաձայնագիրը բխում է նաև Բրյուսելում 2024թ. ապրիլի 5-ին կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպման ընթացքում ԵՄ կողմից հայտարարված Հայաստանի համար 2024-2027թթ. Դիմակայունության և աճի պլանի՝ 270 մլն եվրո ընդհանուր արժողությամբ փաթեթից և կոչված է աջակցելու նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին: