Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026 16:09
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է մի կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների, իսկ մյուս կողմից՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է մի կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների, իսկ մյուս կողմից՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

ԱրմԻնֆո.  Հայաստանի Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի լիագումար նիստում վավերացրեց մի կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների, իսկ մյուս կողմից՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։ Փաստաթղթի հիմնական նպատակն է ակտիվացնել ԵԱՏՄ երկրների և Ինդոնեզիայի միջև առևտուրը, վերացնել առևտրային խոչընդոտները և բարենպաստ պայմաններ ստեղծել գործարարների համար։ Ձևավորվող նոր առևտրային ռեժիմի շրջանակում ինդոնեզական կողմը արտոնյալ հասանելիություն է բացել ապրանքային անվանացանկի 90%-ի նկատմամբ։ Միության զիջումները ներառում են ապրանքային անվանացանկի 90,5%-ը։ Այսպես, Հայաստանից Ինդոնեզիա հանքային ջրի արտահանման դեպքում 5%-անոց մաքսատուրքը կնվազի մինչև 0%, մրգերի և բանջարեղենի համար՝ 20%-ից մինչև 0%, մետալուրգիական արդյունաբերության մի շարք արտադրատեսակների համար՝ 5%-ից մինչև 0%, դեղամիջոցների համար՝ 5%-ից մինչև 0%, ոսկյա զարդերի համար՝ 15%-ից մինչև 0% և այլն։ Դրույքաչափերի այսպիսի էական նվազեցումը տեղի կունենա աստիճանաբար՝ երեք տարվա ընթացքում։

Նշենք, որ առևտրային ռեժիմի ազատականացման արդյունքում Ինդոնեզիայի կողմից ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ կիրառվող միջին դրույքաչափը կնվազի հինգ անգամ՝ 10,2%-ից մինչև 2%։ Ապրանքային կտրվածքով արտոնյալ հասանելիություն կապահովվի ԵԱՏՄ-ի համար այնպիսի առանցքային գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, ինչպիսիք են հացահատիկային մշակաբույսերը (ցորեն, կորեկ, աշորա, վարսակ), համեմունքները, ալյուրի առանձին տեսակները, հացաբուլկեղենը, ձուկը և միսը, կաթնամթերքը, այդ թվում՝ չոր կաթն ու պանիրները, հանքային ջրերը և բազմաթիվ այլ ապրանքատեսակներ։