Երկուշաբթի, 15 Փետրվարի 2010 17:22
Allianz-ը սեմինար է անցկացրել ապահովագրողների համար
ArmInfo.Գերմանական Allianz ապահովագրական խմբի մասնագետները Երևանում սեմինար են անցկացրել հայ ապահովագրողների համար: Սեմինարի ծրագիրը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում ապահովագրողները ծանոթացել են շինմոնտաժային ռիսկերի, իսկ երկրորդ մասում գույքային ռիսկերի ապահովագրման Allianz-ի փորձին: Հայկական ապահովագրական ընկերությունների մենեջերները փորձագետների հետ քննարկել են նշված ռիսկերի վերապահովագրմանն առնչվող հարցերի կարգավորման սեփական փորձը:
Հարկ է նշել, որ Allianz ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայով հետաքրքրվել է 2009 թվականին: Ընկերությունը հայ ապահովագրողների հետ հանդիպումներ է անցկացրել Երևանում, Մոսկվայում, Բադեն Բադենում: Այսօր Allianz-ը վերապահովագրում է տեղական 5-6 ապահովագրական ընկներությունների ռիսկերը: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաջողվել է տեղեկանալ, մարտին Allianz-ը տարածաշրջանի ապահովագրողների հետ ընդլայնված հանդիպում կանցկացնի Մոսկվայում, իսկ տարեվերջին` Երևանում: Allianz ապահովագրական ընկերությունն աշխարհի առաջատար ֆինանսական ընկերություններից մեկն է և գործում է 19-րդ դարի վերջից: 1985 թվականին Allianz ընկերությունը վերափոխվել է միջազգային հոլդինգի և այսօր ներառում է 600 դուստր ձեռնարկություն աշխարհի ավելի քան 70 երկրներում: Ընկերությունը վարկանշվել է մի շարք խոշորագույն միջազգային անկախ գործակալությունների կողմից, որոնց թվում են Standard & Poor's, Moody's, A.M. Best: