Երկուշաբթի, 22 Փետրվարի 2010 14:27
ACBA-Credit Agricole Bank-ը պատրաստվում է Հայաստանում առաջին American Express քարտերի թողարկմանը
ArmInfo.Առաջին անգամ Հայաստանում ACBA-Credit Agricole Bank-ը կթողարկի American Express միջազգային վճարային համակարգի քարտերը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Armenian Card-ի գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, American Express (AmEx) առաջին քարտերի թողարկումը սպասվում է մինչև առաջին կիսամյակի վերջը: ՙՇուկայում արդեն նկատվում է AmEx քարտերի պահանջարկ, առավել ևս, որ ACBA- Credit Agricole Bank-ն արդեն սպասարկում է այդպիսի քարտեր: Սակայն, թողարկման հնարավորությունները դեռ այնքան էլ մեծ չեն: Մասնավորապես` AmEx-ի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով արդեն մշակվում է համապատասխան ծրագրային ապահովում՚,- ընդգծել է Շ. Հովհաննիսյնաը`ավելացնելով, որ աշխարհում իր տարածվածությամբ երրորդ վճարային համակարգի քարտերի թողարկումը Հայաստանում քարտային ծառայությունների շրջանակի ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռի:
Նշենք, որ թողարկած քարտերի քանակով հայաստանյան շուկայում առաջատար ACBA-Credit Agricole Bank-ը և American Express կորպորացիան համագործակցության վերաբերյալ պայմանագիր են կնքել 2009 թվականի օգոստոսի 27-ին, որի շրջանակներումը բանկը դարձել է Հայաստանում American Express-ի առաջին և բացառիկ ներկայացուցիչը: