Երեքշաբթի, 13 Ապրիլի 2010 14:23
2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վարկավորման ծավալներն աճել են 61.6 տոկոսով
ԱրմԻնֆո. 2010թ.հունվար-մարտ ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վարկավորման ծավալներ, 2009 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ աճել են 61.6 տոկոսով, կազմելով 152.6 մլրդ.դրամ:
ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, 2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալների մեջ միայն առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի բաժինը կազմել է 95.1 տոկոս կամ 145.1 մլրդ.դրամ: Ընդ որում, այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է 61.5 տոկոսով: Վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը, 2010 թվականի հունվար-մարտ ամիսներիմ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 63 տոկոսով, կազմելով 7.5 մլրդ.դրամ:
Քանակական արտահայտությամբ վերցրած, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվել է 192403 վարկ, տարվա կտրվածքով աճելով 32.1 տոկոսով: Այդ թվում առևտրային բանկերի բաժինը կազմել է 178447 վարկ (տարեկան աճը`31.3%), իսկ վարկային կազմակերպությունների կողմից` 13956 վարկ (տարեկան աճը` 42.7%):
Աղբյուրի տվյալներով, 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ 2.7 մլն. մարված և 667 հազար ընթացիկ վարկերի մասին, ինչպես նաև 947.8 վարկային պատմություններ (որից`18.3 հազ.-իրավաբանական անձանց և 929.5 հազ.-ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին):
Նշենք, որ 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են` 22 առևտրային բանկեր և 27 վարկային կազմակերպություններ, որոնցից 22-ը ունիվերսալ վարկային կազմակերպություններ են, 4-ը`լիզինգային և 1-ը` վարկային միություն: