Երկուշաբթի, 19 Ապրիլի 2010 15:36
Հայաստանի բանկերն ու Վարկային կազմակերպությունները KfW ծրագրով նոր վերաֆինանսավորումը կստանան 2010 թվականի ամռանը
ԱրմԻնֆո. KfW-ի ՙԲնակարանային ֆինանսավորման կայուն ծուկայի զարգացման՚ ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում նոր վարկերը կսկսեն վերաֆինանսավորվել 3-4 ամսից, Խորհրդարանի կողմից միջկառավարական համաձայնագրի վավերացումից հետո: Այս մասին այսօր, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Հայ-գերմանական հիմնադրամի (GAF) ՙԲնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման՚ ծրագի8y շարունակելու նպատակով 20 մլն.եվրո լրացուցիչ վարկային ռեսուրսներ ստանալու վերաբերյալ գերմանական KfW բանկի հետ պայմանագրի ստորագրման առիթով տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքերով, Գերմանիայի կառավարության կողմից տարեկան 3%-ի սահմաններում սուբսիդավորվող տոկոսադրույքով Կենտրոնական բանկին եվրոյով տրամադրված վարկային միջոցները Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները վերաֆինանսավորման տեսքով կստանան ՀՀ դրամով`տարեկան 8.25% տոկոսադրույքով, որը կարող է նաև վերանայվել, ելնելով շուկայի կոնյունկտուրայից: Արդյունքում, նշել է Ա.Ջավադյանը, բանկերը և վարկային կազմակերպությունները դրամային հիպոթեկային վարկերը կտրամադրեն շուկայական գներով, տարեկան 12-16% սահմաններում: ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ վարկային միջոցները կտեղաբաշխվեն 3 տարում, ծրագրի առաջին փուլի պայմաններով: Անշարժ գույքի գնման կամ վերանորոգման համար տրամադրված վարկի մարման նվազագույն ժամկետը կկազմի 10 տարի (3 տարի արտոնյալ ժամկետով), կանխավճարի նվազագույն չափը` 30%, իսկ մեկ վարկի առավելագույն չափը կկազմի 12 մլրդ.դրամ:
ՙԱյս ծրագիրը մեծ հաջողություն է ձեռք բերել, ինչի մասին է վկայում չաշխատող վարկերի ցածր տոկոսայնությունը, որը կազմում է ծրագրի շրջանակներում ձևավորված` 6.9 մլրդ. գումարով վարկային պորտֆելի ընդամենը 0.8%-ը՚,-նշել է Ա.Ջավադյանը, ավելացնելով, որ շրագրի շրջանակներում ակնկալվող միջոցների կեսը, ինչպես առաջին փուլում էր, նախատեսվում է տեղաբաշխել Հայաստանի շրջաններում: Նա նկատել է, որ ներկայումս կողմերը բանակցում են ՙԱզգային հիպոթեկային ընկերությանը՚ որպես ՙլուսամուտ՚ օգտագործելու շուրջ, որի միջոցով առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները KfW ծրագրի շրջանակներում կարող են ստանալ վերաֆինանսավորում:
KfW-ի` Եվրոպայում մասնավոր և ֆինանսական հատվածների զարգացման դեպարտամենտի ղեկավար, KfW փոխնախագահ Եվա Վիտտն իր հերթին նշել է, որ պայմանագրի ստորագրումը հայ-գերմանական համագործակցության շրջանակներում ունի հատուկ նշանակություն: Նրա խոսքերով, KfW-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ Կառավարության կողմից բնակարանային շինարարությանը և հիպոթեկային շուկաներին աջակցելուն, մանավանդ երկրի շրջաններում: ՙՄեզ համար, այս ծրագրով, նպատակային են հանդիսանում ցածր եկամուտներ ունեցող անձինք, այլ ոչ թե նրանք, ովքեր ապրում են հարստության մեջ և ցանկանում են ևս մեկ բնակարան ձեռք բերել Երևանում: Կարևոր է նաև այն, որ ՀՀ Կառավարությունը պատրաստակամություն է հայտնում իր վրա վերցնել արտարժութային ռիսկերը, բնակչությանը վարկավորելով ազգային արժույթով: Ոչ բոլոր կառավարություններն են, որ նման քայլերի են գնում՚,-ընդգծել է Ե.Վիտտը: