Երեքշաբթի, 20 Ապրիլի 2010 20:34
Գրիար Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը վերականգնում է կորցրածը
Գրիար Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության ապահովագրական պրեմիաների ծավալը 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել է 66 մլն.դրամ, 52%-ով գերազանցելով 2009 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը:
Ընդ որում, ընկերությանը հաջողվել է կրճատել նախաճգնաժամային մակարդակի համեմատ եղած տարբերությունը և երկամյա դինամիկայով վերցրած (2008 թվականի առաջին եռամսյակի համեմատ) ընկերության մուտքերի անկումը կազմել է 38%: Հատուցումների ծավալը տարվա կտրվածքով կրճատվել է ավելի քան 2 անգամ, կազմելով 5 մլն.դրամ:
Ըստ ընկերության հաշվետվությունների, հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված ապահովագրական պրեմիաների կազմում դժբախտ դեպքերից ապահովագրության պրեմիաների ծավալը կազմել է 24%, գույքի ապահովագրության պրեմիաների ծավալը`23%, տրանսպորտային միջոցների ապահովագրության պրեմիաների ծավալը`22%, իսկ պատասխանատվության ապահովագրության պրեմիաներինը`15%: Ապահովագրական պրեմիաների նվազագույն ծավալ է արձանագրվել երաշխիքների տրամադրման ապահովագրության հատվածում, ինչը պայմանավորված է եղել ՀՀ ԿԲ կողմից նորմատիվների խստացումով:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը կապիտալը համալրել է, հասցնելով այն 12.115 մլրդ.դրամի: Ակտիվներն կազմել են 1.3 մլրդ.դրամ, պահուստները`145 մլն.դրամ: Ընկերության մաքուր շահույթը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 94.8 մլն.դրամ, տարվա կտրվածքով կրճատվելով 33%: