Ուրբաթ, 30 Ապրիլի 2010 09:06
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 4.3 տոկոսով, հասնելով 3.5 մլրդ. ԱՄՆ դոլարի
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 4.3%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 3.5 մլրդ.ԱՄՆ դոլար (1.384 տրլն.դրամ): Այս մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 4.2%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 743.8 մլն.դոլար կամ 297.9 մլրդ.դրամ: Ընդ որում, փոխկապակցված անձերին և բանկի աշխատակիցներին տրամադրված վարկերի ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 3.2%. կազմելով 22.2 մլրդ.դրամ կամ 55.5 մլն.դոլար: Իրավաբանական անձանց վարկավորման ընդհանուր ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 7.9%, կազմելով 427.4 մլրդ.դրամ կամ 1.1 մլրդ.դոլար: Առևտրային բանկերի կողմից պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալները առաջին եռամսյակում կրճատվել են 2.2%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 266.5 մլն.դոլար կամ 106.7 մլրդ.դրամ:
Բանկերում գտնվող նոստրո-հաշիվների վրա գտնվող միջոցների ծավալները առաջին եռամսյակում աճել են 23.8%, կազմելով 106.3 մլրդ.դրամ կամ 265.4 մլն.դոլար: ԿԲ հանդեպ պահանջները 2010 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 4.1%, կազմելով 184.8 մլն.դրամ կամ 461.4 մլն.դոլար: Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջները կրճատվել են 12.9%, կազմելով 70.1 մլրդ.դրամ կամ 175 մլն.դոլար: Կանխիկ դրամական միջոցների ծավալները հաշվետու եռամսյակի ընթացքում աճել են 2.9%, կազմելով 66.6 մլրդ.դրամ: Հնարավոր կորուստների փոխհատուցման պահուստը ակտիվներով նվազել է 4.5%, մինչև մինուսային 17.6 մլրդ.դրամի կամ 44 մլն.դոլարի:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել են 22 առևտրային բանկեր` 391 մասնաճյուղերով: