Չորեքշաբթի, 12 Մայիսի 2010 14:53
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգի ROE-ն կազմել է 2.42 տոկոս, իսկ ROA-ն`0.5 տոկոս
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 2.42%, տարվա կտրվածքով աճելով 2%: Ակտիվների եկամտաբերության մակարդակը (ROA) հաշվետու ժամանակահատվածում կազմել է 0.5%, տարվա կտրվածքով աճելով 0.4%:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2010 թվականի առաջին եռամսյակում ROE և ROA ցուցանիշների բարելավումը պայմանավորված է եղել արտարժույթի վերագնահատման դրական տարբերությամբ, որը գրանցվել է բանկերի մեծամասնության մոտ, իսկ մեկ տարի առաջ, ՀՀ դրամի մարտյան դեվալվացիայի և ճգնաժամային երևույթների ազդեցությունների հետևանքով արտարժույթի վերագնահատման տարբերությունը բացասական էր, մի քանի անգամ գերազանցելով 2010 թվականի առաջին եռամսյակի դրական մակարդակը:
ROE մակարդակով առաջատարներն են`HSBC Բանկ Հայաստանը`5.34%, Կոնվերս Բանկը`5.04%, Ինեկոբանկը`4.57%, Զարգացման Հայկական բանկը`4.21% և Արցախբանկը` 4.11%, իսկ առաջատարների տասնյակում են`Արարատբանկը`3.86%, ՎՏԲ-Հայաստան Բանկը`3.34%, Արդշինինվեստբանկը`3.03%, Արմսվիսբանկը`2.92% և ACBA-Credit Agricole Bank-ը`2,75%:
ROA մակարդակով առաջատարներն են` ԲՏԱ Բանկը`1.51%, Զարգացման Հայկական Բանկը`1.16%, Արմսվիսբանկը`1.14%, Ինեկոբանկը`0.96% և Կոնվերս Բանկը`0.78%, իսկ տասնյակում են նաև`Արարատբանկը`0.77%, HSBC Բանկ Հայաստանը`0.7%, ՎՏԲ-Հայաստան Բանկը`0.7%, Արցախբանկը`0.67% և Կասկադ Բանկը`0.63%:
Բանկերի ընդհանուր միագումար կապիտալը տարվա կտրվածքով աճել է 21.4%, իսկ առաջին եռամսյակում`3.4%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 296 մլրդ.դրամի կամ 738.8 մլն.դոլար: Տարվա կտրվածքով միագումար ընդհանուր ակտիվներն աճել են 24.2%, իսկ միայն առաջին եռամսյակում`4.5%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 1.418 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ.դոլար: Չբաշխված միագումար շահույթը 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 6.8 մլրդ.դրամ կամ 16.9 մլն.դոլար, աճելով տարվա կտրվածքով մոտ 6 անգամ: