Երեքշաբթի, 18 Մայիսի 2010 10:36
Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել են 255 մլն.դոլար` 18 տոկոս տարեկան աճով
ԱրմԻնֆո. Առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով դեպի Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել են 102 մլրդ.դրամ կամ 255 մլն.դոլար` տարվա կտրվածքով աճելով 18%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, Հայաստանից դուրս իրականացված դրամական փոխանցումների ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 53 մլրդ.դրամ կամ 132 մլն.դոլար, տարվա կտրվածքով աճելով 22%: Արդյունքում, տրանսֆերտների մաքուր հոսքը դեպի Հայաստան կազմել է 49 մլրդ.դրամ, ինչը 6 մլրդ.դրամով գերազանցում է 2009 թվականի առաջ(ին եռամսյակի ցուցանիշը:
Աղբյուրի համաձայն, առաջին եռամսյակում առևտրային բանկերի միջոցով Հայաստան է փոխանցվել 69 մլրդ.դրամ (փոխանցումների քանակը`319336), գերազանցելով հանրապետությունից դուրս կատարվող փոխանցումների ցուցանիշը 6.1 անգամ: 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատ այս ցուցանիշն աճել է 17 մլրդ.դրամով:
Դրամական փոխանցումներն իրականացվել է 17 միջազգային վճարային համակարգերի միջոցով, այդ թվում` UNIStream, Anelik, Contact, Money Gram, Migom, ՙԲիստրայա պոչտա՚ և այլն: Նշված համակարգերի միջոցով դեպի Հայաստան կատարվող մեկ փոխանցման չափը 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել է 216 հազ.դրամ, 2009 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 28 հազ.դրամով:
Դրա հետ մեկտեղ, Հայաստանի առևտրային բանկերի թղթակցային հաշիվների միջոցով 2010 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց է վճարվել 32 մլրդ.դրամ, ինչը 4.7% կամ 1.5 մլրդ.դրամով ցածր է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում, այդ վճարումների միջին չափերը համարյա մնացել են նույնը, կազմելով 1.8 մլն.դրամ: Միաժամանակ, առևտրային բանկերի թղթակցային հաշիվների միջոցով Հայաստանից դուրս ֆիզիկական անձանց փոխանցումները 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել են 42 մլրդ.դրամ, 2009 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 17% կամ 6 մլրդ.դրամով:
Միջբանկային հաշվարկային (SWIFT, Տելեքս, Ֆաքս) հաշիվների միջոցով դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել են 693 մլրդ.դրամ (քանակը`35629): Նշված հաշիվներով մեկ փոխանցման միջին չափը կազմել է 19 մլն.դրամ, աճելով 2009 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ 27%:
ՀՀ ԿԲ տվյալներով, տեղական վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով առաջին եռամսյակում դեպի Հայաստան է փոխանցվել 1 մլրդ.դրամ, այդ թվում 0.9 մլրդ.դրամ`միջազգային վճարային համակարգերին անդամակցելու համար: Նշված կազմակերպությունների միջոցով Հայաստանից դեպի դուրս է փոխանցվել 0.1 մլրդ.դրամ:
Նշված կազմակերպությունների միջոցով դեպի Հայաստան կատարվող մեկ փոխանցման չափը կազմել է 93 հազ.դրամ, նվազելով 2009 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշի նկատմամբ 2 հազ.դրամով: