Ուրբաթ, 21 Մայիսի 2010 15:41
Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից 2010 թվականի առաջին եռամսյակում կնքված 19853 պայմանագրերով ապահովագրական պրեմիաների ծավալները կազմել են 1.8 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Արտասահման մեկնողների ապահովագրությունը ամենաշատ պահանջարկ ունեցող ապահովագրության տեսակն է Հայաստանում, մասնավորապես, 2010 թվականի առաջին եռամսյակում ապահովագրության այս տեսակով կնքվել է 6270 պայմանագիր, որը կնքված պայմանագրերի ընդհանուր ծավալներում կազմել է 32%:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների համաձայն, պահանջարկով երկրորդ տեղում է գույքային ապահովագրությունը`18%, իսկ երրորդ տեղում`տրանսպորտային միջոցների ապահովագրությունը (ԿԱՍԿՈ)`15%: 2010 թվականին Հայաստանի 9 ապահովագրական ընկերությունների (առանց ՌԵՍՈ-ի) կողմից կնքված ապահովագրության պայմանագրերի ընդհանուր թիվը կազմել է 19853 պայմանագիր` 864 տրլն.դրամ ապահովագրական գումարով:
Հաշվետու ժամանակահատվածում 9 ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրության 12 տեսակներով կնքված պայմանագրերով ապահովագրական պրեմիաների ծավալները գերազանցել է 1.8 մլրդ.դրամը: Պրեմիաների գծով առաջատարը տրանսպորտային միջոցների ապահովագրությունն է, որով պրեմիաների ծավալները կազմել են 436 մլն.դրամ: Բժշկական և գույքային ապահովագրությունների գծով ապահովագրական պրեմիաների ծավալները համապատասխանաբար կազմել են`390 մլն.դրամ և 385 մլն.դրամ: Պրեմիաների նվազագույն ծավալներ են արձանագրվել երաշխիքների ապահովագրության տեսակով, ինչը պայմանավորված է եղել ԿԲ կողմից նորմատիվների խստացումով:
Հաշվետու ժամանակահատվածում 9 ապահովագրողների կողմից իրականացվել են 297.5 մլն.դրամի ապահովագրական հատուցումներ`4254 ապահովագրական պատահարներով: Հատուցումների առավելագույն ծավալը իրականացվել է ԿԱՍԿՈ-ի հատվածում (269 ապահովագրական պատահար և 117 մլն.դրամ) և բժշկական ապահովագրության գծով (3757 ապահովագրական պատահար և 112 մլն.դրամ):