Երեքշաբթի, 22 Հունիսի 2010 17:46
Հայէկոնոմբանկը հատուկ քարտային նախագծեր է մշակում կենսաթոշակառուների համար
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը դեղատնային մի խոշոր ցանցի հետ քարտային նախագծեր է մշակում կենսաթոշակառուների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հայէկոնոմբանկի պլաստիկ քարտերի դեպարտամենտի ղեկավար Վարդան Եղիազարյանը, քարտային այս նախագիծը նախատեսվում է գործարկել 2011 թվականից: Նրա խոսքերով, նախագիծն ունի մի շարք առավելություններ` կենսաթոշակառուներին կառաջարկվեն ArCa համակարգի քարտեր, տեղադրված չիպով, որը քարտը կպաշտպանի հնարավոր զեղծարարություններից: Այս քարտերի քարտապանները դեղատնային ցանցում կստանան 5% զեղչեր: ՙՉիպային քարտն ունի մեծ հիշողություն, որտեղ կտեղադրվի քարտի տիրոջ ID-համարը: Քարտով ամեն օր կարելի է կատարել տրանսակցիաներ, իսկ դրանից ստացված ազդանշանը կուղարկվի դեղատնային ցանցի տվյալների բազա, իդենտիֆիկացման համար, ինչի շնորհիվ էլ քարտապանը կստանա զեղչերն ու բոնուսները՚,-ընդգծել է նա, ավելացնելով, որ քարտերն աչքի կնկնեն նոր և գրավիչ դիզայնով, որտեղ կլինեն Հայէկոնոմբանկի և դեղատնային ցանցի ապրանքանշանները:
Վ.Եղիազարյանը տեղեկացրել է, որ Հայէկոնոմբանկի քարտերի դեպարտամենտի ավագ մասնագետը դեղատնային ցանցի ծրագրավորողների հետ համատեղ արդեն մշակել է ծրագրի անխափան իրականացման նախագիծը: ՙԲացի դեղատնային ցանցի հետ այս նախագծից, մենք մտադիր ենք չիպային քարտերի հիման վրա կենսաթոշակառուների համար մշակել զեղչերի այլ ծրագրեր` այն կազմակերպությունների հետ, որոնք ամենից շատ են անհրաժեշտ կենսաթոշակառուներին, այդ թվում նաև բժշկական կենտրոնների հետ՚,-ընդգծել է նա, ավելացնելով, որ զեղչերը կծածկվեն այն կազմակերպությունների հաշվին, որոնց հետ համատեղ կթողարկվեն քարտերը:
Վ.Եղիազարյանի խոսքերով, քարտային նախագծերին Հայէկոնոմբանկը նախատեսում է ընդգրկել Հայաստանի կենսաթոշակառուների սպասարկման շուկայի 25-30%-ը, որոնց թիվը կազմում է 500-520 հազ. մարդ: ՙՄենք ունենք մասնաճյուղերի լայն ցանց, Երևանում և Հայաստանի մարզերում, որն էլ կընդգրկի կենսաթոշակառուների սպասարկումը՚,-հաստատել է նա: