Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2010 10:40
Ամերիաբանկը IFC-ից ու EBRD-ից ներգրավել է 9 մլն.դոլար ՙԷլիտ Պլազա՚ բիզնես կենտրոնի շինարարական աշխատանքների համար
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը` որպես ներդրումային բանկ, միջազգային կառույցներից հաջողությամբ ներգրավել է ֆինանսական միջոցներ` “Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ի կողմից իրականացվող “Էլիտ պլազա” բիզնես կենտրոնի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Բանկը հանդես գալով որպես ֆինանսական և իրավական խորհրդատու, այդ գործընթացի համար ապահովել է անհրաժեշտ ֆինանսական մոդելների մշակումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը, բանակցությունների վարումն ու պայմանագրերի կնքումը և այլ հարակից աշխատանքների կատարումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, վարկային ծրագիրն իրենից ներկայացնում է երկարաժամկետ, մեծածավալ միջոցների ներգրավում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ):
Աղբյուրի համաձայն, նշված միջոցները, որոնք կազմում են 9.0 մլն ԱՄՆ դոլար, Ամերիաբանկը ներգրավել է հայաստանյան շուկայում գործող սակագներից զգալիորեն ցածր տոկոսադրույքով:
ֆինանսավորումը “Էլիտ Գրուպ”-ին հնարավորություն կընձեռի ավարտին հասցնելու “Էլիտ պլազա” բիզնես կենտրոնի շինարարական աշխատանքները: Վերջինս դասակարգվում է որպես բարձրակարգ բիզնես-կենտրոն` ժամանակակից ճարտարապետական և նախագծային լուծումներով:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ՙԱմերիաբանկ՚-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: ՙԱմերիաբանկ՚-ի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկաԴիալոգ՚ խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: