Երեքշաբթի, 27 Հուլիսի 2010 19:49
Յունիբանկը մտադիր է ներդնել ISO/IEC 27001:2005 ստանդարտները
ԱրմԻնֆո. Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման բարձր մակարդակը ապահովելու նպատակով ՙՅունիբանկ՚-ը նախատեսում է ներդնել ISO/IEC 27001:2005 չափանիշները: ISO 27001:2005 ստանդարտը սահմանում է որոշակի պահանջներ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման, գործարկման եւ վերահսկման նկատմամբ` բիզնես-ռիսկերի ենթատեքստում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙՅունիբանկի՚ մամուլի ծառայությունից:
Այնտեղ նշել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) դերը ՀՀ բանկային համակարգի հետագա զարգացման գործում գնալով մեծանում է: Բանկերը, հաճախորդների սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ավելի մեծ ուշադրություն են սկսել դարձնել IT նորամուծությունների կիրառմանը, հետևաբար նաև տեղեկատվական անվտանգության բարձր չափանիշների ապահովմանը:
Այդ ոլորտում առավել մեծ ակտիվություն է ցուցաբերում ՙՅունիբանկ՚-ը: Բանկն, առաջիններից մեկը հանրապետությունում, առաջարկեց իր հաճախորդներին օգտվել ՙԻնտերնետ բանկ- Հաճախորդ՚ համակարգից և կառավարել բանկային հաշիվները Ինտերնետի միջոցով: ՙՅունիբանկ՚-ի ՙԻնտերնետ բանկ- Հաճախորդ՚ համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային ծառայություն online ռեժիմում` հնարավորություն տալով հաճախորդին, առանց բանկ այցելելու, իրականացնել հետևյալ գործառնությունները` վճարման փաստաթղթերի մուտքագրում, խմբագրում և տպագրում, փաստաթղթերի առաքում բանկ, գործարքների իրականացում ՙգործառնական օր՚ համակարգում, բանկ ուղարկված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքի, բանկային հաշիվներից քաղվածքի ստացում և տպագրում, հաշիվների ընթացիկ կարգավիճակի վերահսկում և այլն: Հարկ է նշել, որ ՙՅունիբանկ՚-ի ՙԻնտերնետ բանկ - Հաճախորդ՚ համակարգի անվտանգությունը երաշխավորվում է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հավաստագիրը հիմնված է EV և SGC տեխնոլոգիաների վրա, որոնք ներկայիս դրությամբ ֆիշինգի /ինտերնետային խարդախության տեսակ/ դեմ պայքարի ամենահաջող մեթոդներն են: VeriSign Secure Site Pro with EV հավաստագիրը բրաուզերում կարմիրի փոխարեն արտապատկերում է կանաչ հասցեատող և բանկի անվանումը` 100 տոկոսով բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը, քանի որ անհնար է դառնում ՙՅունիբանկ՚-ի անվամբ հավաստագրի գրանցումը: Ինչպես հավաստում են միջազգային փորձագետները, եթե բանկի կայքը պաշտպանված է VeriSign տեխնոլոգիայով և նրա վրա տեղադրված է այդ հավաստագրի ապրանքանիշը, ապա օգտվողները կարող են վստահ լինել փոխանցվող տվյալների անվտանգության համար:
Վերջերս ՙՅունիբանկ՚-ը հայտարարել էր սեփական պրոցեսինգային կենտրոն ստեղծելու մասին, որը հնարավորություն կտա ընդլայնել բանկի կողմից թողարկվող քարտերի տեսականին և բարձրացնել քարտերի սպասարկման որակն ու անվտանգությունը: Այդ նախագծի իրականացմանն ուղղված ներդրումների ծավալը գերազանցել է 1 մլն դոլարը:
IT ոլորտում խոշոր նախագիծ էր նաև բանկի մասնաճյուղային ցանցը սպասարկման online ռեժիմին միացնելը: Այժմ ՙՅունիբանկ՚-ի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային և գործում են online ռեժիմում: Դրա շնորհիվ բանկի հաճախորդները կարող են բանկային գործարքներ իրականացնել բանկի ցանկացած մասնաճյուղում` անկախ սպասարկման սկզբնական հասցեից: Դա շատ հարմար է հատկապես ՙՅունիստրիմ՚ դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար: Ուղարկված գումարը նրանք կարող են ստանալ այն մասնաճյուղից, որը այդ պահին ամենահարմարն է և կարեևոր չէ, թե գումարն ինչ հասցեով է ուղարկվել: