Չորեքշաբթի, 4 Օգոստոսի 2010 16:20
ՀՀ ԿԲ 2010 թվականի համար կանխատեսում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների 10-15 տոկոս աճ
ԱրմԻնֆո. Հայաստանում մասնավոր դրամական (ոչ առևտրային բնույթի) փոխանցումների շրջանառությունն ընթացիկ տարում կավելանա 10-15%: Նման կանխատեսում է արվել ՀՀ Կենտրոնական բանկի 2010 թվականի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության շրագրում: Համաձայն փաստաթղթի, տրանսֆերտների ակնկալվող աճը կապված է Ռուսաստանի տնտեսության զարգացման հետ (ԱՄՀ նոր կանխատեսումով ՌԴ տնտեսությունը 2010թ. կունենա 4.3% աճ, ինչը 0.3 տոկոսային կետով ավելի է նախորդ կանխատեսումից):
ՀՀ ԿԲ տվյալներով, առևտրային բանկերի ու վճարահաշվարկային համակարգերի միջոցով դեպի հանրապետություն մասնավոր տրանսֆերտների ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել են 102 մլրդ.դրամ (255 մլն.դոլար), տարվա կտրվածքով ավելանալով 18%: Հայաստանից դեպի արտասահման առաջին եռամսյակում իրականացվել է 53 մլրդ.դրամի փոխանցումներ (132 մլն.դոլար), 22% տարեկան աճով: Արդյունքում, տրանսֆերտների մաքուր ներհոսքը կազմել է 49 մլրդ.դրամ, ինչը 6 մլրդ.դրամով ավելի է 2009 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշից: